ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին և քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Էնբերգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ:
Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև կառուցողական և համագործակցային հարաբերությունները:
Կարեն Անդրեասյանն հանդիպել է նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ: Քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:
Կարեն Անդրեասյանն ու դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի և Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված սերտ և բարեկամական համագործակցությունը: