Գերմանացի լրագրողները, ովքեր ձերբակալվել էին Դիարբեքիրի անկարգությունների ժամանակ, հայտարարել են, որ թուրքական բանտում ոստիկանության կողմից ենթարկվել են բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ազատ արձակվելուց հետո գերմանացի հինգ լրագրողները լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենք երկրում որևէ անօրինական գործունեություն չեն իրականացրել, և թուրքական իրավապահների ներկայացրած բոլոր մեղադրանքներն իրականում չհիմնավորված են: «Մենք ոչ ոքի չենք սադրել: Այնտեղ էինք լուրեր պատրաստելու նպատակով: Թուրքիայում լրագրողական ազատություն չկա»,- նշել է գերմանացի լրագրող Բյորն Քիցմանը: Լրագրողներից մյուսը' Քրիս Գրոցկին հայտնել է, որ ձերբակալելու ժամանակ ոստիկանությունը վիրավորել և հայհոյել է իրենց:
Գերմանիայից ժամանած լրագրողները Դիարբեքիրում լուսաբանել էին Սիրիային սահմանակից Քոբանի քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գործողությունների դեմ տեղի ունեցող անկարգությունները: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր «սադրիչ գործակալներ» լինելու հիմնավորմամբ: