«Չնայած Բաքուն խոստանում է, որ կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Տեսակետը Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանինն է: Լուրեր.com-ի հետ զրույցում շախմատիստուհին խոսեց ինչպես Բաքվում կայանալիք մրցաշարերի, կանանց աշխարհի անհատական առաջնության և մի շարք այլ հարցերի մասին:
- Լիլիթ, կանանց աշխարհի անհատական առաջնությունը հետաձգվել մինչև հաջորդ տարի: Մինչ այդ, որքանո՞վ էիք պատրաստված մրցաշարին:
- Ճիշտն ասած՝ վերջերս իրար հետևից մասնակցեցի 5 մրցաշարի: Կարելի է ասել, որ այդ մրցաշարերի միջոցով էի նախապատրաստվում առաջնությանը: Պարզ էր, որ մրցաշարը հետաձգվելու է, քանի որ հստակ տեղեկատվություն չկար: Սակայն, հարց էր, թե որքան ժամանակով էր հետաձգվելու: ՖԻԴԵ-ն մրցաշարից մեկ ամիս առաջ խաղերի անցկացման մասին զգուշացնում է, որ 64 մասնակիցները կարողանան նախապատրաստվել: Առաջնությանը նախապատրաստվում ենք, երբ հստակ տեղեկատվություն է լինում: Անկեղծ ասած՝ սրտիս խորքում ուրախ եմ, որ հետաձգվեց, որովհետև շատ մեծ հոգնածություն եմ զգում: Հեշտ չէր այդ հինգ լարված մրցումներին իրար հետևից խաղալը, չնայած տրամադրված էի մրցաշարին մասնակցելուն: Բայց ուրախ եմ, որ հետաձգվեց' կկարողանամ հանգստանալ և ավելի լավ պատրաստվել:
- Այսինքն՝ մրցաշարի հետաձգվելը Ձեր մարզավիճակի վրա իր դրական ազդեցությունը կունենա՞:
- Կոնկրետ ինձ համար՝ այո: Սակայն, ընդհանուր առմամբ, իհարկե, երևույթն ինքնին վատ է, քանի որ շատերն իրենց մրցումային գրաֆիկն այնպես էին կազմել, որ հոկտեմբերին ուրիշ մրցաշարեր չլինեն: Այժմ առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, բայց դեռ հստակ չէ՝ որտեղ և երբ է լինելու: Այդ անորոշությունը լավ չէ: Իմ պարագայում շատ չեմ դժգոհում:
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր և Էլինա Դանիելյանի հնարավորություններն աշխարհի խաղերին:
- Աշխարհի առաջնությունը նոկաուտ համակարգով է լինելու, և այդ համակարգով մրցաշարերում բախտի գործոնը շատ մեծ է: Հաջողության դեպքում՝ յուրաքանչյուրն էլ կարող է շատ լավ արդյունքի հասնել: Եթե լավ մարզավիճակում լինես և հաջողությունը քո կողմից լինի՝ շատ մասնակիցներ կարող են բարձր արդյունքներ ցույց տալ:
- Լիլիթ, Բաքուն լինելու է 2015թ-ի շախմատի աշխարհի գավաթի և 2016թ-ի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչ քաղաքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:
-Չնայած Բաքուն խոստանում է' կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց կարծում եմ' ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Կոնկրետ կարող եմ օլիմպիադայից խոսել՝ որպես հավաքականի անդամ: Իրավիճակը լարված է, և չեմ կարծում, որ կկարողանանք մասնակցել: Իհարկե, շատ ափսոս, քանի որ համաշխարհային օլիմպիադան տոն է շախմատիստների համար և, փաստորեն, կանանց թիմը և հատկապես տղամարդկանց թիմը, որն օլիմպիական եռակի չեմպիոն է, չի կարող մասնացել, ինչը ցավալի է:
- Ինքներդ կո՞ղմ եք Բաքու չմեկնելուն:
- Բարդ հարց է: Օլիմպիադային, բնականաբար, ցանկանում եմ մասնակցել, սակայն երկու երկրի միջև լարված իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել: Օլիմպիադան 11 տուր է: Շատ լարված և երկար մրցաշար է: Ինձ թվում է' չի ստացվի այդ ամբողջ ժամանակահատվածը լինել Բաքվում:
- Ըստ լրատվամիջոցների' ՖԻԴԵ-ի նախագահը ժամանելու է Հայաստան և շախմատի ֆեդերացիայի նախագահի' Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվող թեմաներց մեկը Հայաստանի մասնակցությունն է լինելու Բաքվում կայանալիք մրցաշարերին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի որոշման կգան կողմերը: Այնուամենայնիվ, կհրաժարվե՞նք մասնակցությունից:
- Կարծում եմ' այո: Նախագահին դժվար կլինի այդ հարցին դրական պատասխանել: Հայաստանում այս տարի եղավ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, և ոչ մի ադրբեջանցի չմասնակցեց: Մյուս տարի աշխարհի թիմային առաջնությունն է լինելու մեզ մոտ: Տեսնենք՝ ադրբեջանցիներն արդյոք կգան Հայաստան: Իրենք էլ չեն գալիս, և մենք էլ չենք գնում: Տեսնենք՝ ինչ կորոշի մեր նախագահը:
- Մինչ աշխարհի առաջնությունը, այլ մրցաշարերի մասնակցելո՞ւ եք:
- Այո: Երկու ամիս կհանգստանամ և կպարապեմ: Երկու ամսից հրավեր ունեմ Լեհաստանից: Վրոսլավում կմասնակցեմ շրջանային մրցաշարի և այս տարի կսահմանափակեմ: Վրոսլավի մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունենալու Եվրոպայի տղամարդկանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին նույնպես կմասնակցեմ: Հետո ամուսնուս հետ կնշեմ Սուրբ ծնունդը Գերմանիայում և կվերադառնանք Հայաստան: Ցանկանում ենք ամանորն այստեղ անցկացնել:
- Իսկ այս օրերին, Լիլիթ, որտե՞ղ էիք գտնվում:
- Լիլիթը մի քանի օր է, ինչ վերադարձել է: «Գերմանիայում էի' ամուսնուս մոտ: Միառժամանակ հետո կրկին կգնամ: Անընդհատ մեկնում եմ Գերմանիա և կրկին վերադառնում: Այնտեղ չեմ ապրում' կացության իրավունք չունեմ, պետք է լեզվի քննություն հանձնեմ և դիմեմ դրա համար: Սակայն, մրցումներս այնքան շատ են, որ չի ստացվում դրանով զբաղվել: Դեռ չեմ կարողանում այնտեղ շատ մնալ:
- Արդյոք հայրենիքը լքելու մտադրություն ունե՞ք:
- Լքելու մտադրություն չունեմ: Ամուսինս Հայաստանը շատ է հավանում և ինքն էլ է շատ դրական տարմադրված, որ մենք և´ այստեղ, և´ այնտեղ լինենք: Որոշել ենք, որ տարվա կեսն այստեղ կլինենք, մյուս կեսն' այնտեղ: Մնացած ժամանակահատվածն էլ կլինենք մրցումների: Հիմա արդեն միասին ենք մեկնում մրցումների:
- Ձեր ամուսինը ազգությամբ հայ չէ՞:
-Ոչ, գերմանացի է իր և բիզնեսն ունի Գերմանիայում:
Զրուցեց Լիանա Թորոսյանը