Արգենտինական «La Nación» պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանին՝ անվանելով այն շախմատային գերտերություն և հանգամանալից ներկայացնելով շախմատային ավանդույթներն ու ձեռքբերումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոդվածում նշված է.
«Հայաստանը մոտ 30.000 քառ. կմ տարածքով, 3.2 միլիոն բնակչությամբ մի աշխարհագրական կետ է Փոքր Ասիայում, որը վերջին տասնամյակում շախմատային ոլռրտի առաջատար դիրքերն է զբաղեցրել. առաջին տեղն է գրավել 2006թ. Թուրինում, 2008թ. Դրեզդենում և 2012թ. Ստամբուլում կայացած օլիմպիադաներում, թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել 2011թ. աշխարհի առաջնությունում և աշխարհի միակ երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում դասավանդվում է որպես պարտադիր առարկա: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 31-ամյա գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մինչև վերջերս աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն էր, իսկ այժմ գրավում է 5-րդ հորիզոնականը»:
Անդրադառնալով Հայաստանում շախմատային ավանդույթների ակունքներին' հոդվածագիրն անդրադարձ է կատարում 1963թ. մայիսի 20-ին կայացած Պետրոսյան- Բոտվիննիկ մրցապայքարին, որի արդյունքում 12.5 և 9.5 միավորների հարաբերակցությամբ Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Այնպես, ինչպես ամերիկացիներն են հիշում Քենեդիի սպանության օրը և վայրը, այնպես էլ Հայաստանում ավագ սերունդը հիշում է Երևանի օպերայի հրապարակի հանդիսություններն ու տոնակատարությունները, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը»:
Անդրադառնալով Տիգրան Պետրոսյանի' Արգենտինա կատարած չորս այցերին, հոդվածագիրն առանձնացնում է 1971թ. այցը, երբ տեղի ունեցավ Պետրոսյան-Բոբբի Ֆիշեր մրցապայքարը:
Հոդվածում հատկապես կարևորություն է տրվում ՀՀ դպրոցներում 2011թ.-ից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու որոշումը, որը, ըստ հեղինակի, «մինչև աստղերը բարձրացրեց հազարամյա խաղի ժողովրդականությունը»: «Հայաստանում կա 1500 դպրոց, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա, և շուրջ 120.000 աշակերտներ սովորում են շախմատ խաղալ: Սա այն տարիքն է, որն ամենահարմարն է շախմատ սովորելու համար: Ավելի քան 1219 հատուկ պատրաստվածություն անցած ուսուցիչներ են դասավանդում այդ առարկանն
«Չենք ուզում, որ աշխարհը Հայաստանի մասին խոսի միայն Ցեղասպանության և երկրաշարժի թեմաներով: Ուզում ենք, որ երկիրը հայտնի լինի շախմատով»,- մեջբերված են նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:
«Շախմատը մարդկանց սովորեցնում է տեսնել այն գեղեցկությունը, որն առաջին հայացքից չի երևում. սովորեցնում է համբերություն ունենալ և չարձագանքել' առանց հասկանալու իրավիճակը»,- մեջբերված են Լևոն Արոնյանի խոսքերը:
Հոդվածում տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև ամբողջությամբ մեջբերված է 2008թ. Դրեզդենում կայացած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ամբողջական տարբերակը: