Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան կատարելիք այցից առաջ կլինի Բաքվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հոկտեմբերի 23-ին Բաքվում Գերմանիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Նշվում է, որ հանդիպումներում քննարկվելիք կենտրոնական թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ադրբեջանից հետո Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կժամանի Հայաստան, որտեղ նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև տեղի կունենան Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի մամուլի ասուլիսը: Նույն օրը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: