Ազատության հրապարակում այս պահին ընթանում է եռյակի հանրահավաքը:

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պտրոսյանը:

Վերջինս հայտարարեց, որ քանի որ այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված է Գագիկ Ծառուկյանին՝ ինքը կբավարարվի ընդամենը մի քանի դիտարկումով:

 

«Նոր համաժողովրդական շարժման հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի: Ուստի կոչ եմ անում ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի կողմից՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետևած հիստերիկ արձագանքին»,- ասաց առաջին նախագահը:

 

Նրա երկրորդ դիտարկումը վերաբերում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրմանը:

«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի նույն օրը ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրվելու մասին, քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ: Ես սովորություն չունեմ ոտքի վրա հապշտապ գնահատականներ տալու:

 

Ես նշել եմ, որ ԵՏՄ-ին անդամագրումն անշրջելի է, իսկ Մինսկում կնքվածն իրողություն է, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրն ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, հետևաբար, տվյալ իրողության հետ կապված՝ ցանկացած ջղաձգում ուշացած, անիմաստ և վնասակար է: Հիմա ի՞նչ է, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է ԵՏՄ-ում, դրա համար ազգովի սուգ հայտարարե՞նք, ողբա՞նք, լա՞ց լինենք, վերջնականապես վհատեցնենք մեր ժողովրդին, թե՞ հակառակը՝ թևներս քշտենք և օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը»,- ասաց նա:

 

Առաջին նախագահը հայտարարեց, որ իրենք գնալու են մինչև վերջ. «Այսինքն՝ մինչև սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը, այսինքն՝ մինչև վերջնական հաղթանակ: Ինչ վերաբերում է տակտիկային, այն է՝ մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթականությանը, միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ: Եթե չեմ սխալվում, ես մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ եթե տակտիկան բացահայտվում է՝ այն դադարում է տակտիկա լինելուց:

 

Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաև այլ պատճառով. այս հրապարակում հավաքված ժողովուրդը ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համակիրներն են, որոնք լիովին վստահում են յուրաքանչյուրն իր կազմակերպությանը, հետևաբար, ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ նշված ուժերի առաջանորդներն ինչ-որ բան են թաքցնում»,- նշեց նա:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ նաև հորդորով. «Քանի որ առջևում մեզ լարված պայքար է սպասվում, խնդրում եմ դրանից ամենևին չնեղսրտել, այլ ամեն ինչին վերաբերվել վերևից, բարեհոգաբար, թեթև սրտով, նույնիսկ հումորով»,- ասաց նա, ինչից հետո ընթերցեց 1988-ի փետրվարի շարժման ժամանակ տեղի ունեցած հանրահավաքներից հումորներ.

 

«Հանրահավաքներից մեկի ժամանակ, ժողովրդին է մոտենում մեկն ու հարցնում.

-Ախպեր էս ի՞նչ հաշիվա:

-Ղարաբաղն ենք ուզում,

-Ղարաբա՞ղը, Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ ա»:

Ելույթի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ սպասում է այնպիսի հաջողություն, ինչպիսին հասավ Ղարաբաղյան շարժումը: