Առաջինը Հայաստանում Սյունիքի մարզի Տոլորս գյուղում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից, Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվի «Նոր գյուղի պայքարը» ծրագիրը, որն հաջողությամբ փորձարկվել է Կորեայի Հանրապետությունում' դառնալով տնտեսության վերելքի կարեւոր խթաններից մեկը:
«Պարենի համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եղել են գյուղում, բնակիչների հետ քննարկել ծրագիրը, որից հետո գյուղացիները տվել են իրենց համաձայնությունը' նախաձեռնությանը մասնակցելու համար», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը' հավելելով, որ առաջիկայում, փորձի փոխանակման նպատակով, գյուղից երկու հոգի կմեկնեն Կորեայի Հանրապետություն:
Իրականացվելիք ծրագիրը ենթադրում է Տոլորսում ստեղծել բազմաֆունկցիոնալ ֆերմերային տնտեսություն' 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար: Այն կիրականացվի համայնքի հետ' համաֆինանսավորմամբ, ինչը նախատեսում է ֆերմայի, կաթի մշակման, մսի մթերման արտադրամասերի կառուցում, անհրաժեշտ գյուղտեխնիկայով ապահովում եւ այլն:
Տոլորսում «Նոր գյուղի պայքարը» ծրագրի իրականացման նպատակով, ծնունդով տոլորսցի բարերար, ՌԴ-ում բնակվող Տիգրան Սուքիասյանը գյուղին նվիրաբերել է 100 հազ. ԱՄՆ դոլար: Բարերարը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել գյուղի դպրոցի նորոգման աշխատանքներին: Օրեր առաջ էլ նրա նախաձեռնությամբ պատվիրվել, Էջմիածնում օծվել եւ գյուղի նորակառույց եկեղեցում տեղադրվել է զանգ:
Գոհար Իսախանյան