Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն իշխանությանը քննադատել է երիտասարդության առաջ կանգնած խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Հուրիյեթ» թերթի տված հարցազրույցում Գահրամանլըն հայտարարել է, որ երկրից երիտասարդների հեռանալու պատճառը գործազրկությունն է:
«Այսօր Ադրբեջանում երիտասարդության թիվ մեկ նյութական եւ բարոյական խնդիրների մեղավորը իշխանությունն է իր իրականացրած քաղաքականությամբ: Երկրի երիտասարդության մեծամասնությունը բախվում է գործազրկության խնդրին: Երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել: Երկրից երիտասարդ սերնդի զանգվածային գաղթ է տեղի ունենում: Ադրբեջանի երիտասարդությունն այսօր չի կարողանում նորմալ կրթություն ստանալ, ինչը իշխանության կոռումպացված կրթական քաղաքականության արդյունքն է: Ցածր բժշկական ծառայության արդյունքում Ադրբեջանի երիտասարդությունը կանգնա ծ է լուրջ առողջական խնդիրների առաջ:
Երկրում վարվող կոռուպցիոն քաղաքականությունը, չինովնիկների կամայականությունները, իրավունքի բացակայությունը բարոյապես հուսալքել են երիտասարդությանը: Երիտասարդության վրա մեծ ճնշում է գործադրվում: Ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող երիտասարդները իշխանության կողմից բռնաճնշումների են ենթարկվում: Այսօր Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների մեծամասնությունը երիտասարդներ են: Դրա պատճառը երկրում ստեղծված անտանելի սոցիալ-քաղաքական վիճակն ու վատ բարոյական մթնոլորտն է, ինչի ամբո ղջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանության վրա», -ասել է Գահրամանլըն:
Նման կարծիք է հայտնել նաեւ Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության խորհրդի անդամ Վաֆա Ջումշուդլուն: Նրա խոսքով' Ադրբեջանի իշխանությունն անհանգստացած է ոչ թե երիտասարդության ապագայով, այլ այն բանով, որ ինտերնետ ցանցերում ակտիվ եւ Սիրիա մարտերի մեկնած երիտասարդներին իր համար վտանգի աղբյուր է համարում, քանի որ այդ երիտասարդներն իր վերահսկողությունից դուրս են: «Այսօրվա իշխանության մեղքով է, որ ակտիվ երիտասարդները բանտում են: Երիտասարդների մեծ մասը գործազուրկ է, չնայած բարձրագույն կրություն ունենալուն' նրանք աշխատանք չեն կարող անում գտնել: Նշանակում է' չեն կարող նաեւ նորմալ ապրել: Այդ պատճառով էլ նրանց մեծ մասը արտագաղթում է երկրից», -ասել է Ջումշուդլուն: