Լիբանանյան բանակը դիրքավորվել է Տրիպոլի քաղաքի Բաբ աթ Թաբաննա թաղամասում և իր հսկողության տակ է վերցրել Աբդ Ալլահ բն Մաասուդ մզիկթը, ինչպես նաև Շատի Մաուլուիի և Ուսամա Մանսուրի շրջանները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը Բաբ աթ Թաբաննա թաղամասում հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք, պայթուցիկ սարքավորումներ: Բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ այն շարունակում է զինյալների հետապնդումը և հնարավոր ամեն ինչ կանի նրանց բոլոր թաքստոցները հայտնաբերելու համար:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Տրիպոլիի դպրոցները փակվել են, և դրանք որպես ապաստան են ծառայում բնակիչների համար, ովքեր ստիպված լքել են իրենց տները:

 

Տրիպոլիում բախումները սկսվել են հոկտեմբերի 24-ի երեկոյան: Բախումների հետևանքով լիբանանյան բանակի 5 զինվորն է զոհվել:

 

Սիրիական հակամարտության 3.5 տարիների ընթացքում Տրիպոլի քաղաքում հաճախակի բախումներ են ընթանում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Բախումների հետևանքով 100-ավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել: