ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ' «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը:

 

Ալիստար Դոհերտին իր զեկույցում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերին: Նա նշել է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում հանձնաժողովի խնդիրն է լիագումար նիստի ժամանակ նախագծում փոփոխություն կատարելուց հետո կառավարությանը ստիպել պաշտպանելու իրենց տեսակետը:

 

Մեծ Բրիտանիայում օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ մշտական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ խորհրդարանն արտոնյալ կարգավիճակ է ստեղծում հանձնաժողովի կամ նրա անդամներից յուրաքանչյուրի համար:

 


Բացի այ դ, հանձնաժողովը լիազորված է օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կառավարության անդամներին ստիպում է ավելի ուշադիր կատարած գործի հանդեպ: Փորձագետը նշել է նաեւ, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի մշտական հանձնաժողովների երկու տեսակ' օրենսդրական եւ վերահսկողական:

 

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր զեկույցում կարեւորել է հանձնաժողովների ֆինանսավորման անհրաժեշտությունը: Պատգամավորը ներկայացրել է տարբեր եվրոպական երկրներում առկա փորձը՝ նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, մշտական հանձնաժողովները ֆինանսավորվում են: Նրա կարծիքով՝ այդպես հանձնաժողովին տրվում է աշխատելու հնարավորություն: Անդրադառնալով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին՝ նա այն
ուռճացված չի համարել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ կա 12 մշտական հանձնաժողով ունենալու իրավունք: Ըստ նրա՝ կան հանձնաժողովներ, որոնք կարող են միավորվել:

 


Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջն իր զեկույցում նշել է, որ հանձնաժողովներն անբաժանելի են շատ օրենսդիրների աշխատանքային գործունեությունից: Նրա դիտարկմամբ' մշտական հանձնաժողովներն ունեն կարեւոր առավելություններ' մասնագիտացվածության, մանրակրկիտ ուսումնասիրության, խորհրդատվության եւ հանրության ներգրավման առումներով:

 

Օրինակ՝ Ֆրանսիայում հանձնաժողովն իր քննարկման արդյունքում կարող է մերժել նախագիծը կամ ընդունել այն' փոփոխություններով, լրացումներով կամ առանց դրանց: Պորտուգալիայում հանձնաժողովները պատասխանատու են օրինագծերի նախնական քննարկումների համար, իսկ Սերբիայում Ազգային ժողովի կողմից օրինագծի քննարկմանը նախորդում է դրա ուսումնասիրությունը իր ավասու հանձնաժողովի կողմից: Այստեղ հանձնաժողովները կարող են անցկացնել օրինագծերի հանրային լսումներ:


Բանախոսները հանդիպման ժամանակ պատասխանել են նաեւ հնչեցված հարցերին: