Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 19-ին կկայանա առաջին միջբուհական տոնավաճառը: Միջոցառումը բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ և ցանկանում են գտնել աշխատանք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնից, յուրաքանչյուր գործատու կունենա միջոցառման վայրում անվճար հիմունքներով տրամադրված տաղավարն եր, որտեղ կներկայացվեն նյութեր ընկերության և առաջարկվող աշխատատեղերի, ինթերնշիփերի և տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ: Աշխատանք փնտրողները կարող են ծանոթանալ մանրամասներին, թողնել ռեզյումեներ (CV) և վերցնել նյութեր: Ցանկալի է, որ մասնակից ընկերությունները ներկայացվեն կադրերի կառավարման և աշխատակիցների ընտրության պատասխանատու անձանց կողմից:

 

Մասնակիցները օրվա ընթացքում կարող են ներկա լինել տարբեր ընկերությունների կողմից պարբերաբար իրականացվող շնորհանդեսներին: Ցանկության դեպքում հնարավոր կլինի նաև հատկացնել տարածք' ընկերություններին ընձեռելով լավագույն թեկնածուների հետ նախնական հարցազրույցներ անցկացնելու հնարավորություն, իսկ աշխատանք փնտրողներին' խորհրդատվության մատուցման հնարավորություն:

 

Աշխատանքային տոնավաճառի շրջանակներում նախատեսվում է նաև ‹‹ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր›› խորագրով հանրապետական կլոր սեղան սեմինար-քննարկումը, որին նախատեսվում է մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձանց, պետական այրերի և նշված ոլորտում մասնագիտացած փորձագետների մասնակցությունը:

 

2014թ. մայիսին հայաստանյան առաջատար բուհերի (Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ որում, ի թիվս այլ խնդիրների, ամրագրվել են մի շար դրույթները: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի հուշագիր կնքած բուհերից մեկը կազմակերպելու է աշխատանքային տոնավաճառ, որին կմասնակցեն գործընկեր բուհերի ուսանողները, կազմակերպիչ բուհի կողմից ապահովվելու է տարածքային, ֆինանսական և տեխնիակական աջակցություն, մասնակից բուհերի կողմից տրամադրվելու է գործատուների, ուսանողների, շրջանավարտների և այլ շահառուների շրջանում տոնավաճառի մասին տեղեկատվություն և այլ աջակցություն: