Ադրբեջանում առկա սոցիալական եւ քաղաքական անհավասարությունը երկիրը խոցելի է դարձնում իսլամական արմատականության համար: Այս մասին , ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ամերիկյան The National Interest հանդեսը:
Հանդեսը գրում է, որ Բաքվի կենտրոնից դուրս աղքատությունն ակնհայտ է: Խորհրդային շրջանում կրթություն ստացած մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել տնտեսության նոր ճյուղերում: Ադրբեջանում կաշառակերությունը բնութագրական է դարձել, մարդիկ ստիպված են կաշառք տալ անգամ ցածր վարձատրվող աշխատանքի ընդունվելու համար:
«Արմատական առաջնորդները կարող են օգտվել նման մթնոլորտից, իսկ Ադրբեջանի կառավարող շրջանները չեն ցանկանում լուծել այդ խնդիրները», -գրում է հանդեսը:
Այն նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում ուժեղացել են բռնաճնշումները ժողովրդավարների, ընդդամիդիրների, իրավապաշտպանների եւ հասարակական ակտվիստների դեմ, ովքեր չեն կարողանում պաշտպանել իրենց: Ըստ հանդեսի' Ադրբեջանում փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ մեծացել է իսլամիստական խմբավորումների նկատմամբ բնակչության հետաքրքրությունը:
Հանդեսի կարծիքով' վաղաժամ է պնդել, որ այսօրվա Ադրբեջանը, որի բնակչության 60 տոկոսը շիաներ, 40 տոկոսը սունիներ են, ապահովագրված է իսլամական արմատականությունից:
Նշվում է, որ Ադրբեջանում հավատացյալ անձինք հետապնդվում են առանց տարանջատման եւ այդպիսի քաղաքականությունը թույլ չի տալիս գտնել իսլամիստական շարժումների իրական քաղաքական նպատակները:
Հանդեսի կարծիքով' Ադրբեջանում արմատականության գրավչությունը կարող է նվազեցվել, եթե Իլհամ Ալիեւի կառավարությունը պաշտպանի քաղաքացիական հասարակությանը, ինչը չի արվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի ջիհադական մարտիկները հայրենք վերադառնալուց հետո կարող են «իսլամական ընդդիմություն» ստեղծել Ադրբեջանում: