Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նոր ստեղծվելիք նախարարության՝ ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին: Նոր նախարարությունը կանվանվի «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ երկու նախարարությունների միացումը փոքր-ինչ անհասկանալի է:

 

«Թե որքանով են այդ երկու նախարարությունները համատեղելի, կարող է պատասխանել միայն այն մարդը, ով ուսումնասիրել է այդ երկու նախարարությունների գործառույթները: Կարող եմ ասել, որ դա կառավարման տեսակետից այդքան էլ տրամաբանված չէր, որովհետև Արտակարգ իրավիճակների նախարարությունն ի վերջո ավելի նպատակահարմար կլիներ միացնել Ոստիկանությանը, եթե այն դառնար Ներքին գործերի նախարարություն: Դա ավելի տրամաբանական կլիներ, որովհետև երբ լինում է արտակարգ իրավիճակ, պարտադիր այնտեղ լինում են ոստիկանության աշխատողներ, և շատ երկրներում դրանք մեկ կառույցի մեջ են մտնում:

 

Թե ինչու դա որոշեցին միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ճիշտն ասած՝ մի քիչ անհասկանալի է, դրա մասին բացատրություն էլ չկա»,- ասաց նա:

 

Խոսելով նոր նախարարության մասին՝ Արմեն Բադալյանը նշեց. «Ճիշտն ասած՝ այդ նոր նախարարության գործառույթներն ամբողջությամբ կարող է իրականացնել էկոնոմիկայի նախարարությունը: Ամենայն հավանականությամբ, կար մարդ, որին պետք էր պաշտոն տալ, այդ իսկ պատճառով ստեղծվեց այդ նախարարությունը»:


Հարցին, թե ըստ իրեն ով է այդ մարդը, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ մամուլն արդեն այդ մասին գրում է: