Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-ին ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը' ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների և պետությունների միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների և ընդլայնվող գործակցության համար: Վեհափառ Հայրապետն արդյունավետ համագործակցության համար իր մասնավոր գնահատանքն է փոխանցել ՌԴ և ՀՀ առողջապահության նախարարներին ու նրանց պաշտոնեությանը' կարևորելով առողջապահության ոլորտում ի նպաստ բնակչության իրականացվող բոլոր ծրա գրերն ու ներդրվող ջանքերը: Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից առողջապահության ոլորտում իրականացվող գործունեությունը:

 

Իր հերթին ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ցուցաբերված ջերմ ընդունելության համար' միաժամանակ անդրադառնալով ձևավորվող համագործակցության հեռանկարներին:

 

Զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գանահատանքն է բերել նաև պատվիրակության կազմում ընդգրկված հայտնի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին' 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին բերած օգտակար ծառայության համար:

 

Վերջում Հայոց Հայրապետը մաղթել է, որ իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին: