Նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը գիշերել է գրասենյակի առջև: Նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գնահատում է Դավիթ Սանասարյանի արարքը, համարում է հայրենասիրական, զգացմունքային, էմոցիոնալ պոռթկում: «Գնահատում եմ Դավիթի խիզախությունը. դա ևս մեկ անգամ քայլ է, որպեսզի հավելյալ ուշադրություն դարձվի խնդրի վրա»:

 

Հարցին՝ եթե հացադուլը լայնամասշտաբ լինի հացադուլը, արդյոք Եվրոպայի համար ավելի տեսանելի չի՞ լինի, Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Եվրոպայի համար անտեսանելի է այն տեսաժապավենը, որ օրը ցերեկով որևէ վտանգ չներկայացնող ուղղաթիռին հետևից խոցում են: Մենք չենք ապրում 20-րդ դարում, սա 21-րդ դարն է, որը համացանցի դար է, ցանկացած քիչ թե շատ քաղաքացի, եվրոպացի պաշտոնյա պետք է ծանոթ լինի, եթե ծանոթ չէ, դա իր խնդիրն է»: