«Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։
Նա դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է հուշ ու երազ»,- ասաց Բագրատ Սրբազանը։