Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Սիրիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-սիրիական հարաբերությունները: Մինչ այդ Ուալիդ ալ Մուալլեմը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

Հանդիպումներից հետո Ուալիդ ալ Մուալլեմը հայտարարել է, որ նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի վճռական տրամադրվածությունը Սիրիայի և նախագահ Բաշար ալ Ասադի հետ համագործակցության հարցում ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրների ռազմավարական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ: Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուալիդ ալ Մուալլեմը նշել է, որ քննարկումներն ընթացել են տարածաշրջանի իրավիճակի, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի սիրիական ճգնաժամից դուրս գալու պլանների, ինչպես նաև միջսիրիական բանակցությունների վերսկսման շուրջ:

 

Իր հերթին Սերգեյ Լավրովը նշել է, որ Սիրիան և Ռուսաստանը միասնական տեսակետ ունեն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Գլխավոր գործոնը համարվում է ահաբեկչության վերացումը: «Ռուսաստանը կպաշտպանի Սիրիային և այլ երկրների, որոնց սպառնում է ահաբեկչությունը»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օրենք ընդունել ահաբեկչության դեմ պայքարելու համար: Նա նաև կարևորել է բարենպաստ պայմանների ստեղծումը ՄԱԿ-ի բանագնացին աջակցելու համար:

 

Լավրովը նաև անդրադարձել է ռուս-սիրիական առևտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը: