Ռումինական լրատվամիջոցները հաստատում են «Արմենպրես»-ի տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ' բացատրություններ տալու համար: Դեսպանին հետ կանչելու պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել:

 

Չնայած դեսպանն Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով' ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել' դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:

 

Ինչպես հաղորդում է ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը, Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ' բացատրություններ տալու համար:

 

Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին հրապարակային ներողություն խնդրել և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»:

 

«Արտաքին գործերի նախարարությունը չի հադուրժում և չի հանդուրժելու ռումինական դիվանագիտության ներկայացուցչի' անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, վարքագծի և հռետորաբանության որևէ շեղում, որը կարող է հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի և այլ երկրների միջև երկկողմ հարաբերությունների արժեքների, կանոնների և հիմնարար սկզբունքների ոտնահարմանը կամ' որը խեղաթյուրում է ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ»,- ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ռումինական Adevarul պարբերականը:

 

Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի եւ մոնիթորինգի կենտրոնը կոչով
դիմել է Ռումինիայի Նախագահին' շտապ կարգով միջոցառումներ ձեռնարկել
Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական եւ հոմոֆոբ»
որակված հայտարարությունների վերաբերյալ: