Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեպոզիտարիայից, նոյեմբերի 19-21-ն Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Associat ion of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ:

 

ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար: Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ դեպզիտարիան կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին: Դեպոզիտարիան «ANNA» ասոցիացիայի գործընկեր էր դ եռևս 2009 թվականի հունիսից և մինչ օրս տարբերակիչ ծածկագրեր է շնորել ավելի քան 1400 արժեթղթերի:

 

ANNA ասոցիացիան ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադիր 22 համարակալման ազգային գործակալությունների կողմից՝ արժեթղթերին և ֆինանսական այլ գործիքներին շնորհվող ծածկագրերի միջազգային միասնական չափանիշների մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ANNA-ն անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրեր (ISIN)' ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրեր (CFI)' ISO 10962 ստանդարտին համապատասխան: Ներկայումս ANNA-ն միավորում է մոտ 100 երկրների համարակալման ազգային գործակալություն: