Հայաստանի անկախացումից հետո ձևավորվեց տնտեսական նոր իրավիճակ, երբ ընդհանուր սեփականությունից անցում կատարվեց կապիտալիստական համակարգի և ակտիվորեն զարգացավ բիզնեսը: Նման իրավիճակում բիզնեսի զարգացման գործում շատ կարևոր էր, թե ով է այն իրականացնում:

Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանում ձևավորվեցին բիզնես ընտանիքներ, ովքեր ստեղծեցին հսկայական բիզնես ընկերություններ, որոնք այս տարիների ընթացքում վճարեցին հարկեր, ձևավորեցին աշխատատեղեր և իրենց ուսերի վրա կրեցին պետության զարգացման ապագան: Պետք է նկատել, որ Հայաստանում բիզնեսի կայացումն այդքան էլ հեշտ չեղավ, որովհետև անցումը սոցիալիստական հասարակարգից դեպի կապիտալիստական, բավականին ցավոտ էր. այն ուղղորդվեց պատերազմանական գործողություններով, երկրաշարժով, պետական ունեցվածքի փոշիացմամբ: Աննպատակային սեփականաշնորման արդյունքում ձևավորվեցին բիզնես գործունեության ծավալման անհավասար պայմաններ: Այնուամենայնիվ հայ գործարարները կարողացան այդ իրավիճակը փոխել և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում որոշակիորեն ձևավորված է բիզնես մթնոլորտ, կան կայացած բիզնես ընտանիքներ, ովքեր նպաստում են Հայաստանի բիզնես մթնոլորտի զարգացմանը:

Մենք փորձեցինք հետադարձ հայացք գցել անկախության տարիներին' հասկանալու համար, թե որոնք են այն ընտանիքները, այն դեմքերը, ովքեր կարող են համարվել հայկական բիզնես միջավայրի ձևավորման առանցքները։

Սուքիասյանների ընտանիք-Սուքիասյանները չորս եղբայրներ են' Խաչատուր, Էդուարդ, Սարիբեկ և Ռոբերտ, ովքեր հիմնադրեցին «Սիլ Գրուպ» կոնցեռնը: «Սիլ Կոնցեռնի» միջոցով նրանք փաստացի Հայաստանում ձևավորեցին առաջին հայկական բիզնես ընտանիքը, որը մինչև օրս էլ կարողանում է որոշակի բնագավառներում արդյունավետ գործունեություն ծավալել: Իրավամբ Հայաստանում այս ընտանիքը կարելի է համարել բիզնես մթնոլորտի ձևավորման մեջ բավականին մեծ լումա ունեցողներից մեկը:

Վարդանյանների ընտանիք- Հրանտ Վարդանյանն իր երկու որդիների' Միքայելի և Կարենի հետ միասին Հայաստանում ձևավորեցին ևս խոշոր բիզնես մի ընտանիք' իրենց վրա վերցնելով որոշակի սեգմենտներ' ծխախոտագործություն և հրուշակեղենի զարգացում: Փաստացի սովետական միությունից հետո կործանված այս երկու ոլորտները հենց այս ընտանիքի շնորհիվ է, որ այսօր վերածննունդ են ապրում: Այսօր Միքայել Վարդանյանի շնորհիվ «Գրանդ Տոբակո» և «Մասիս Տոբակո» ընկերությունների արտադրանքը մեծ ծավալով արտահանվում է արտերկիր, իսկ Կարեն Վարդանյանի շնորհիվ Հայաստանում և Հայաստանից դուրս բավականին մեծ հեղինակություն է վայելում հայկական հրուշակեղենը' «Գրանդ Քենդի» անվանվամբ:

Ծառուկյանների ընտանիք-Թեև շատերը մտածում են, որ Գագիկ Ծառուկյանն է այս ազգանունը մտցրել բիզնես միջավայր, բայց պետք է նշել, որ Ռոզա Ծառուկյանը, մինչ իր որդու բիզնես գործունենություն ծավալելը, արդեն զբաղվում էր բիզնեսով' զարկ տալով Հայաստանում մեղվաբուծությանը: Թերևս տիկին Ծառուկյանի շնորհիվ է, որ այսօր Հայաստանում կա մեղվաբուծության ոլորտը և, որպես այդպիսին, բավականին մեծ հռչակ ունի ամբողջ աշխարհում: Գագիկ Ծառուկյանը հետագայում ավելի ընդլայնեց իրենց բիզնես շրջանակները և իսկապես Ծառուկյան ազգանունը դարձրեց Հայաստանում թերևս ամենաճանաչված բիզնես ընտանիքներից մեկի ազգանուն: Այսօր Ծառուկյան ազգանունն անմիջականորեն ավելի շատ կապվում է բիզնես միջավայրի, քան քաղաքականության հետ:

Հակոբյանների ընտանիք-Մաքսիմ Հակոբյանը իր երկու որդիների' Վահե և Արման Հակոբյանների գլխավորությամբ հսկայական դեր կատարեց Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր ոլորտի' հանքաարդյունաբերության բնագավառում: Անկախությունից հետո կաթվածահար եղած հանքարդյունաբերությունն այս ընտանիքի շնորհիվ է, որ կարողացավ ոտքի կանգնել և այսօր «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը, այս ընտանիքի գլխավորությամբ, Հայաստանի ամենախոշորագույն հարկատուներից մեկն է և կարողանում է հսկայական սոցիալական խնդիրներ լուծել հանրապետության ներսում' պետական գանձարան վճարելով խոշոր չափի հարկեր: Այս ընտանիքը չբավարարվեց միայն հանքարդյունաբերությամբ. նրանք իրենց բիզնեսից առաջացած եկամուտները ոչ թե փորձեցին դուրս տանել և արտասահմանում վերածել անշարժ գույքի, այլ դարձյալ իրենց հայրենի Սյունյաց աշխարհում ներդրեցին և ստեղծեցին նոր աշխատատեղեր. Մասնավորապես' կաթի վերամշակման, երշիկի արտադրության, ինչպես նաև քարի վերամշակման գործարաններ, հանքային ջրերի գործարաններ: Այս ընտանիքը ևս բավականին մեծ ներդրումներ է կատարում և իրավամբ համարվում է Հայաստանի ամենակայացած գործարար ընտանիքներից մեկը:

Սարգսյանների ընտանիքը-Բագրատ և Վահագ Սարգսյանների գլխավորությամբ Հայաստանում փաստացի հիմք դրվեց TV բիզնես ասած ոլորտին: Հիմնադրելով «Արմենիա» հեռուստաընկերությունը' այս մարդիկ Հայաստանում կարողացան նոր որակի բերել և այսօրվա հեռուստատեսության բարձր մակարդակի համար միանշանակ մենք պարտական ենք հենց այս ընտանիքին: Թեև նրանք հետագայում իրենց ընտանեկան բիզնեսը շարունակեցին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում' հիմնադրելով USArmenia և Europe Armenia ընկերությունները, այնուամենայնիվ նրանց լուման շատ մեծ է Հայաստանի նորանկախ պատմության բիզնես մթնոլորտի ձևավորման հարցում, որովհետև հենց նրանց ձևավորած բիզնեսի շնորհիվ էր, որ շատ այլ բիզնեսներ կարողանում էին գովազդվել և դառնալ ավելի ճանաչելի ու բարձր վարկանիշ ձեռք բերել: Այս երկու եղբայրների կատարած աշխատանքը ևս անուրանալի է և նրանց ներդրումները ևս շատ մեծ են հայկական բիզնես մթնոլորտի ձևավորման ճանապարհին:

Հաջորդ խոշոր ընտանիքը բիզնես միջավայրում Ալեքսանյաններինն է:

Սամվել Ալեքսանյանը բավականին մեծ իմպերիա է ստեղծել այս տարիների ընթացքում: Շատ է խոսվում այն մասին, որ ոչինչ չունենալով' մարդը կարող է միլիարդատեր դառնալ արտերկրում, օրինակ' ԱՄՆ-ում: Նման դեպքերում, միշտ օրինակ ենք բերում Քըրք Քրքորյանի վրա: Այս դեպքում Սամվել Ալեքսանյանը այս օրինակը կիրառեց Հայաստանում. նախկինում ոչինչ չունենալով' նա այսօր ամենախոշոր հարուստներից մեկն է, և նրա ձևավորած բիզնես ընտանիքը իր մեջ ներգրավվում է գրեթե բոլոր բնագավառները: Չկա այնպիսի մի բնագավառ, որտեղ նա գործարարությամբ չզբաղվի: Պետք է նկատել, որ որքան էլ շատ են քննադատում Սամվել Ալեքսանյանին, այնուամենայնիվ նա կարողացել է ձևավորել մի համակարգ, որը բավականին մեծ թվով ընտանիքների է կերակրում և բավականին մեծ չափի գումարներ է վճարում պետական գանձարան: Այնպես որ քննարկել Հայաստանի բիզնես միջավայրը չանդրադառնալ այս ընտանիքին' անհեթեթություն է:

Ջամվելյանների ընտանիք-Մարատ Ջամվելյանը և նրա երկու որդիները Գեղամը և Արմենը Հայաստանում նպաստեցին գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, անասնաբուծության ոլորտում: Սովետական միության կործանումից հետո, երբ ամբողջ գյուղատնտեսությունը տակնուվրա եղավ, այս ընտանիքի շնորհիվ դարձյալ Հայաստանում կարողացան ձևավորվել գյուղատնտեսությանը զարկ տրվող ճյուղեր, խոշոր և մանր եղջերավոր անասուների բուծում: Այսօր «Արզնի»-ն բավականին խոշոր ընկերություն է, որը տեղական արտադրության բնագավառում համարվում է առաջատար ընկերություններից մեկը:

Հ.Գ.Մենք շարունակելու ենք ներկայացնել նաև այլ բիզնես ընտանիքներ, բայց, մեր դիտարկմամբ, սրանք այն հիմնական առանցքային ընտանիքներն են, ովքեր Հայաստանում բիզնես միջավայրի ձևավորումը վերցրեցին իրենց ուսերի վրա: