Երեկ հայրենի խորհրդարանում իրական տրագիկոմեդիա էր, որը բացահայտեց մեր քաղաքական համակարգի սնանկությունը, ոչ ստանդարտ իրավիճակներում գործելու անկարողությունը:


Քաղաքական ուժերն՝ իշխանություն, թե ընդդիմություն, ահել, թե ջահել, կատարել էին իրենց «տնային աշխատանքը»՝ չկանխատեսելով,որ մինչ կհավաքվեն նիստի՝ իրավիճակը մի փոքր փոխված կլինիԱրամ Մանուկյանի դեմ հարձակում գործած անձը բացահայտվել էր (չեմ քննարկում այն մոտիվացիան, որով ներկայացվեց իբրև հանցագործության շարժառիթ), Լյովա Երանոսյանը ստացել էր նկատողություն (դարձյալ չեմ քննարկում իրական շարժառիթները):

 

Բռնությունները դատապարտող այն տեքստը, որը ներկայացրեց Գալուստ Սահակյանը ու, որը, բնականաբար, մերժվեց ընդդիմության կողմից՝ այս իրողություններն անտեսում էր: Կնշանակի՝ ներհամակարգային պայքարում խորհրդարանն ու նրա խոսնակը շրջանցված են, ու Սահակյանին այլ բան չէր մնում, քան կառավարությունից եկած նախաձեռնությունները քննարկելն ու ընդդիմության պահանջները մերժելը:

 

Մի քանի ժամով Քառյակ դարձած Եռյակն՝ իր պատգամավորներով, խորհրդարանում ընդամենը կատարում է պարտաճանաչ խոսնակի դեր՝ առանց որոշումներ կատարելու գործառույթի: Նրանց պատրոնը որոշել էր հարձակման թիրախ դարձնել ոստիկանությունը, որը, ֆորմալ առումով, իր գործառույթը կատարել էր՝ նախքան տղերքը կհավաքվեին նիստի: Կրկնեմ՝ Մանուկյանի վրա հարձակում կատարողը հայտնաբերված էր, Երանոսյանը՝ նկատողություն ստացած, մնացածը քննության խնդիրն է, որը դուրս է ոստիկանության լիազորություններից: Եռյակը չհասցրեց նոր հանձնարարություն ստանալ՝ ընդունած հայտարարությամբ դարձյալ թիրախ դարձնելով ոստիկանությանը, որի երկրորդ արարը պետք է լիներ կամ լինի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի պահանջը:
Խորհրդարանական մեծամասնության «դուխը չի հերիքում»՝ հայտարարելու, որ հայտնվել է ներհամակարգային «ռազբորկեքի» թատերաբեմում՝ «զինվորիկի» կարգավիճակում: Եթե դուխները հերիքի, վախենում են զոհաբերվել՝ պայքարի իրական սուբյեկտներից մեկի կողմից:

 

Եռյակի գործիչների «դուխը չի հերիքում»՝ խոստովանելու, որ իրենցից մեկին ծեծել են, մյուսներին էլ դարձրել են «ղալմաղալչի», որովհետև իրենց հրավիրած խորհրդակցությունները ոչինչ չեն որոշում,բոլոր հարցերը լուծվում են մի անձի կողմից՝ նրա կողմից ստեղծված կամ նրան պարտադրված «ստվերում», որտեղ երևում են ներհամակարգային հակամարտության կողմերից մեկի «ականջները»:


Այս պատմությունների մեջ իրական «ծեծվողը» խորհրդարանն է, որը վերածվել է թամաշայի՝ աղքատացող ու մի կտոր հաց և խրախճանք ուզող ժողովրդի համար:


Սուրեն Սուրենյանց