Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային:

 

Այս մասին տեղեկացնում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման լրատվական կենտրոնից: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ: Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:

 

Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սէֆիլյան Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն:

 

Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ այսօրինակ ոստիկանապետական քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու մեր հետագա ընթացքի վրա: