Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ազգային բյուրոն քննադատել է Փարիզում Charlie Hebdo-ի դեպքերի առնչությամբ կազմակերպված համերաշխության երթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

«Սեփական բանտերում ռեկորդային թվով լրագրողներ պահող պետության ներկայացուցիչների մասնակցությունն այս երթին ամոթալի է և վիրավորական «Չարլի Էբդո»-ի ոգուն»,- նշվում է խորհրդի արած հատարարության մեջ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ազգային բյուրոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան օգնություն է տալիս ջիհադական ահաբեկչական այն հոսքերին, որոնք ահաբեկչություն են իրականացրել Փարիզում: Բյուրոն հիշեցրել է նաև 2013 թվականի հունվարին կրկին Փարիզում երեք քուրդ կին ռազմական գործիչների սպանությունը, որին, ինչպես հետագայում պարզվեց, մասնակցություն էին ունեցել նաև թուրքական հատուկ ծառայությունները:

 

Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo­-ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևաքնով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: