Ֆրանսիայի գործարար ոլորտի մի քանի ներկայացուցիչներ Հայաստանում ծանոթանում են ներդրումային հնարավորություններին: Գործարարները ցանկանում են Հայաստան հրավիրել «Ֆրանսիական համաշխարհային առաջատար ընկերությունների» ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներին՝ բանակցություներ սկսելու ակնկալիքով:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այցի կազմակերպիչ, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Բեռնար Հատեմյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացել են ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտներում, սակայն վերջինը փոքր-ինչ զիջում է:

 

«Այս այցելությունը ճանաչողական է, որ մենք կարողանանք ամրապնդել հարաբերությունները: Կան մի քանի ոլորտներ, որոնց վրա ցանկանում ենք շեշտը դնել: Կարևորում ենք հատկապես գյուղմթերքի արտադրության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները: 18 տարի է, ինչ ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը աշխատում է՝ ամրապնդելով երկու երկրների միջև տնտեսական կապերը:

 

Հիմա ժամանակն է ավելի նյութականացնել այդ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հատեմյանը: Նա հիշեցրեց մի քանի ծրագրեր, որ իրականացվել են հայ-ֆրանսիական համագործակցության ետնապատկերին' ընդգծելով հատկապես վարդերի մշակության և ձկնաբուծության ծրագրերը:

 

«Ֆրանսիական համաշխարհային առաջատար ընկերությունների» ասոցիացիայի նախագահ Ժան-Պիեռ Ժերարն իր հերթին նշեց, որ ուրախ կլինեն հայկական արտադրանքը տեսնել Ֆրանսիայում: «Որպեսզի մենք սկսենք գործել, նախ պետք է ճանաչենք մամյանց, դրա համար կարևոր է այս այցելությունը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն մշակութային կապեր, և մենք պետք է կարողնանք այդ կապերը տեղափոխել նաև տնտեսական ոլորտ»,- ասաց Ժերարը:

 

«Պոլ Ռիկար» ընկերության տնօրեն Ֆրանսուա Գզավիե-Դիասն էլ ներկայացրեց իրենց ընկերության հաջողությունները' նշելով, որ դա լավ օրինակ է հայ և ֆրանսիացի գործարարների համար, որպեսզի փորձեն աշխատել միասին:

 

2014 թվականի առաջին 11 ամսում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 75,35 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 18 տոկոսով: Հունվար-նոյեմբերին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը կրճատվել է 18 տոկոսով և կազմել 4,43 մլն ԱՄՆ դոլար: Ֆրանսիայից Հայաստան ներմուծումն աճել է 21 տոկոսով և կազմել 70,91 մլն ԱՄՆ դոլար: