Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամի' Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին, իսկ հուղարկավորությունը' հունվարի 21-ին:

 

Թեև մեր երկրում պաշտոնապես սուգ չի հայտարարվել, սակայն փոքրիկի մահը սգում են շատերը:

Այսօր Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ մոմավառություն են կազմակերպել, ծաղիկներ ու խաղալիքներ դրել այնտեղ' ի հիշատակ 6 ամսական երեխայի:

 

Մոմավառություն է կազմակերպվել նաև ինչպես Ավետիսյանների տան շրջակայքում ու Երևանում, այնպես էլ Վանաձորում՝ Հայքի հրապարակում, Լոնդոնում' մեր երկրի դեսպանատան դիմաց: Սանկտ Պետերբուրգում մատուցվել է Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակի պատարագ: ԱԺ-ն հետաձգել է վաղը կայանալիք խորհրդարանական լսումները:

 

Փոքրիկի մահվան կապակցությամբ չեղյալ է հայտարարվել նաև ռուսական ՕՌՏ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անդրեյ Մալախովի հաղորդումը, որը պետք է լիներ Գյումրիի ողբերգության մասին:

Ցավակցություններ են հղել հայաստանյան և ռուսաստանյան պաշտոնատար անձինք: