Եմենում շիա ապստամբների ղեկավարը՝ Աբդ ալ Մալիք ալ Հուիսը, Եմենի իշխանություններից պահանջել է կատարել մի շարք պահանջներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա կոչ է արել Եմենի նախագահին կատարել խաղաղ համաձայնության պայմանները և չդիմել արտաքին միջամտության օգնությանը: Նա նաև ավելացրել է, որ իրենք չեն վախենում ՄԱԿ-ից կամ որևէ պետությունից:

 

Շիա ապստամբների հիմնական պահանջն այն է, որ իշխանությունները լուծեն անվտանգության հետ կապված հարցերը երկրի բոլոր հատվածներում, հատկապես Մարիբ մարզում, ինչպես նաև վերանայեն երկրի Սահմանադրությունը հօգուտ բոլորի:

 

Աբդ ալ Մալիք ալ Հուիսը երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է հեղաշրջում, որն ուղղված է պետության դեմ: Նա մեղադրել է նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին' կոռուպցիային աջակցելու և ահաբեկչության դեմ պայքարն անուշադրության մատնելու մեջ:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր Քարտուղար Պան Կի Մունը երկու կողմերին կոչ էր արել դադարեցնել բախումները: ՄԱԿ-ը հանդես էր եկել Եմենի նախագահին աջակցելու հայտարարությամբ՝ նրան համարելով երկրի օրինավոր ղեկավարը: ՄԱԿ-ը քննադատել էր շիաների հարձակումը նախագահական նստավայրի վրա:

 

Եմենում բախումների հետևանքով զոհվել էր 8 մարդ, վիրավորվել 67-ը:

 

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի գնի թանկացման մասին: Մեկ ամիս անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների մեիջև, որոնց արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում' պետական շինություններ: