Արցախն այն տեղը չէ, որտեղ պետք է իրականացվեր քաղաքական ակցիան, սակայն ցանկացած բռնություն դատապարտելի է: Նմանատիպ կարծիք փետրվարի 3-ին հրավիրված բանավեճի ժամանակ արտահայտեց ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը:

 

«Ինձ համար անհասկանալի է կարգախոսը, որով առաջնորդվում էին երթի ընկերները: Ինձ համար ակնառու է, որ տեղի է ունեցել պրովոկացիա … Հայաստանում պրովոկացիաների ժամանակ սահմաններին միանգամից ակտիվանում է ադրբեջանական կողմը», - ասաց Սուքիաս Ավետիսյանը:

 

Բանավեճին մասնակցող ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը համամիտ էր Սուքիաս Ավետիսյանի վերջին մտքի հետ և հավելեց, որ բողոքի ակցիան կարելի էր անել Հայաստանում, նամանավանդ այն դեպքում, երբ Արցախը յուրահատուկ տեղ է, որտեղ պատերազմական իրավիճակ է:

 

«Բայց ես բացարձակ չեմ հասկանում, թե ինչքան կարելի է մարդկանց հետ վարվել նման կերպ, ինչպես կարելի է մարդկանց ծեծել օրը ցերեկով, երբ իրենք արդեն վերադառնում էին երթից: Դժվա՞ր էր իրենց ի սկզբանե կանգնեցնել Գորիսում և տեղեկացնել, որ Արցախում իրենց երթը արտոնված չէ և երթի մասնակիցներին խնդրել հետ վերադառնալ», - ասաց Սարգսյանը:

 

Սուքիաս Ավետիսյանը վերջում հավելեց, որ իր համար անընդունելի համարվող «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով երթի մեջ նա տեսնում է նույն պրովոկացիայի տարրերը, որոնք տեղի ունեցան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետևանքով ցույցի ժամանակ, երբ խաղաղ հավաքի ժամանակ քարեր էին նետվել ոստիկանների ուղղությամբ:

 

Հունվարի 31-ին Բերձորում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» քաղաքացիական շարժման՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների բռնության ենթարկվելու միջադեպի վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն հաստատվել է, որ ակցիայի մասնակիցների նկատամբ համապատասխան գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Նոյըան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը և այլոք: