Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն առաջիկայում չի ակնկալում որևէ դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում: «Ես սպասում եմ, որ Թուրքիան մեզ հետ հարաբերությունների լավացման նպատակով կդիմի ձևական քայլերի, բայց ոչ ավելին»,- լրագրողների հետ փետրվարի 4-ին կայացած հանդիպմանը կարծիք հայտնեց ն ա:

 

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե արդյոք Համահայկական հռչակագիրը հակասության մեջ չի մտնում 2009թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ, բանախոսը պատասխանեց հետևյալը. «Դա քաղաքական որոշման հարց է, ամեն ինչ կախված է նրանից, թե ներկա պահին ինչպիսի քաղաքական մոտեցումներով են առաջնորդվում ՀՀ ղեկավարները, արդյոք նրանք պատրաստ են պահպանել վերը նշված արձանագրությունների'բավական դժվար բանակցությունների արդյունքում ձեռք բերված այն կետերը, որոնք մեծամասամբ բխում են մեր շահերից և որոնք կարող են հետագայում Թուրքիայի հետ բանակցություններում դառնալ այն կարևոր կետը, որը Էրդողանին թույլ չի տա խուսափել արձանագրություններում արդեն իսկ համաձայնեցված կետերից»:

 

2015թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստա թուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

 

Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: