Ծիծեռնակաբերդում ներկայացված Համահայկական հռչակագիրը ներկայացնում է իրավական այն թղթածրարը, որով պետք է ներկայացվեն Հայաստանի իրավական պահանջները Հայոց ցեղասպանության հարցում: Դրանք բազմաշերտ են, եւ անհրաժեշտ է հասկանալ' ինչ ենք պահանջում եւ ումից: Տեսակետը Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանինն է:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ Վարդանյանն ասաց, որ գործ ունենք հսկայական հանցագործության հետ, կան բազմաթիվ դրվագներ եւ այդ հարցում կան համապատասխան հետազոտություններ: «Փաստաթղթերը բազմաթիվ են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Գույքային պահանջները, ֆիզիկական անձանց, պետության ներկայացրած պահանջերը տարբեր են եւ տարբեր ընթացակարգեր պետք է անցնեն: Պետք է ներկայացվեն իրավազորությունները, որոնց միջոցով կհասնենք արդար լուծման: Թղթածրարը անընդհատ համալրվետու է փաստաթղթղերով: Սա շարունակական գործընթաց է»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը' հավելելով, որ բացի իրավականից, բարոյա-քաղաքական ենթաշերտերն էլ են շատ կարեւոր եւ կհամալրեն գործընթացը:

 

 

«Երկիրը, որ ժխտում է Ցեղասպանությունը, կարող է այն կրկին իրագործել: Հետեւաբար, չկա այլ ճանապարհ, քան իրավական ճանապարհով հարցի լուծումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը' հավելելով, որ հռչակագրում կցանկանար տեսնել նաեւ Արեւմտյան Հայաստան բառակապակցությունը: «Մեր հեռանկարային նպատակը հայրենիքն է, եւ հայրենզրկման գաղափարը պետք է շրջանառվի միջազգային իրավունքում:

 

Հայրենազրկման հարցի առնչությամբ միջազգային իրավունքի դրույթները բավական խոցելի են: Այս հարցը պետք է կարգավորվի, որպեսզի հետագայում մեր հայրենիքը ետ վերադարձնելու հիմք ունենանք»,- ընդգծեց պատմաբանը' հավելելով, որ հարյուրերրորդ տարելիցից հետո գալիս է հատուցման հարյուրամյակը, եւ հիմնական պայքարը պետք է լինի հատուցման պահանջը: