Փետրվարի 25-ին լրանում է հայոց պատմության խոշորագույն դեմքերից Անդրանիկ Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանին լրջորեն պատրաստվում է Երկրապահ կամավորականների միությունը: ԵԿՄ վարչությունում ստեղծվել է հոբելյանական միջոցառումները կազմակերպող հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը Լուրեր.com-ի զրուցակիցն է:


- Պարո՛ն Մկրտչյան, ներկայացրեք, թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում։

 

- Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԵԿՄ վարչության անդամներ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչներ, պատմաբաններ, մտավորականներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Պատրաստ ենք գործակցել շահագրգիռ բոլոր անձանց, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։


- Իսկ ինչպե՞ս և ե՞րբ ծնվեց հոբելյանական հանձնաժողովի գաղափարը։ Ո՞վ է նախաձեռնության հեղինակը։

 

- Նախաձեռնությունը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանինն է։ Երկրապահի ղեկավարը տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս անչափ կարևորեց այս ամսաթիվը, և գաղափարը միանշանակ դրական ընկալում գտավ եռասերունդ ԵԿՄ-ում։ Սա ինքնին հասկանալի է, քանզի Անդրանիկ զորավարը թերևս մեր ազգի ամենասիրելի հերոսներից է, ամենամեծ ժողովրդականություն վայելողներից։ Ի դեպ, Անդրանիկ Օզանյանը սոսկ ֆիդայի չէր։ Նա ազգային, պետական լուրջ գործիչ էր, նաև՝ երկրապահ կամավորական։ Հիշենք, որ առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրանիկը գլխավորել է առաջին կամավորական գունդը։ Ես հիշեցնեմ, որ հենց Երկրապահի ղեկավար զորավար Մանվել Գրիգորյանի ջանքերի գնով Անդրանիկ զորավարի աճյունը 2000 թվականին տեղափոխվեց մայր հայրենիք և իր արժանի տեղը գտավ Եռաբլուր Պանթեոնում։ Սա Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար հարգանքի տուրք էր միանգամից 2 մեծության նկատմամբ՝ Անդրանիկի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի, քանի որ դրանից մի քանի տարի առաջ հենց Սպարապետն էր իր զինակից ընկեր Մանվել Գրիգորյանի հետ Փարիզում քննարկել Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու խնդիրը։


- Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են նախատեսվում, և ովքե՞ր են դրանց մասնակցելու։

 

- Նախ նշեմ, որ ԵԿՄ վարչության նախագահի որոշմամբ Անդրանիկ Օզանյանը պարգևատրվել է ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, քանի որ՝ ինչպես արդեն նշեցի, Անդրանիկ զորավարն էլ երկրապահ էր՝ երկրապահ կամավորական գնդի հրամանատար: Հենց փետրվարի 25-ին, Անդրանիկի շիրմաքարի մոտ շքանշանը կհանձնվի «Զորավար Անդրանիկ» թանգարանին: Անդրանիկ զորավարի 150-ամյակը համաժողովրդական տոնախմբություն է լինելու՝ եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ժողովրդի լայն շերտերի ընդգրկմամբ։ Մասնակցելու են մեր բոլոր տարածքային, մարզային կառույցները։ Որպեսզի առավել ընկալելի լինի, թե ինչ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը, նշեմ, որ անգամ փետրվարի 3-4-ին, երբ ԵԿՄ ղեկավարի առաջնորդությամբ 1000 երկրապահներ մեկնեցին Արցախ՝ լինելու զորամասերում, մարտական դիրքերում, ոգևորելու սահմանապահ հայ զինվորին, սահմանաբնակ ժողովրդին, անգամ այդ այցի ընթացքում ժամանակ է հատկացվել Անդրանիկի հոբելյանական միջոցառումների մասին իրազեկելու և այդ միջոցառումներին նաև Արցախի ժողովրդի մասնակցությունն ապահովելու համար։

 

Նմանապես թեման չի շրջանցվել Հայաստանի սահմանամերձ զորամասեր և դիրքեր այցերի ժամանակ՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Տավուշում, Խաչիկում, Մեղրիում: Իսկ միջոցառումները բազմաբնույթ են լինելու։ Նախատեսված է միջոցառում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զորավարի արձանի մոտ, միջոցառում կլինի Ուջանում, Էջմիածնում զորավարի արձանների մոտ և այլուր, որտեղ կա Անդրանիկի արձան, Անդրանիկի անվան դպրոց, փողոց կամ որևէ հաստատություն, իհարկե, միջոցառում կլինի Անդրանիկի թանգարանում։ Համագործակցում ենք «Զորավար Անդրանիկ» թանգարանի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, գրողների միության հետ: Շատ լրջորեն համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Կարելի է ասել՝ միջոցառումների հիմնական կազմակերպիչը երկրապահ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Մասնակցելու ենք քաղաքապետարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին։

 

ԵԿՄ ղեկավարի հանձնարարությամբ բոլոր տարածքային բաժանմունքներն էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ միջոցառումներ են անցկացնելու: Երկրապահական ընտանիքը կմասնակցի հոբելյանական բոլոր միջոցառումներին։ Մասնավորապես, նման տոնական միջոցառումներ նախատեսված են Մարտունիում, Վայքում, Վանաձորում, Էջմիածնում։ Հատկապես Էջմիածինը մշտապես էլ նման հայրենասիրական ձեռնարկներում առաջամարտիկ է։

 

Փոխանցեք Երկրապահի կոչը համայն հայությանը, որ աշխարհի որ անկյունում էլ լինեն, փետրվարի 25-ին հիշեն ու մեծարեն Անդրանիկ զորավարին, որովհետև զորավարն ամեն օր, երբ գլուխը բարձին էր դնում քնելու, պարտադիր մտածում էր հայ ազգի մասին։