«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական պայքաը սկսեց ֆալստարտով:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանը նշում է, որ այն, ինչ ԲՀԿ առաջնորդը պետք է աներ 2016-2017թթ, արեց 2015թ. սկզբին: «Հետեւաբար, բնական է, որ դրան եղավ համապատասխան քայլ Հանրապետական թեւից: Սա կարելի է որոշ առումով անվանել նաեւ նախընտրական նոր փուլ, ֆալստարտ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Որքանով է հնարավոր, որ այս իրավիճակի ետեւում թաքնված է ՀՀ երկրորդ նախագահը եւ նրա վերադարձը քաղաքականությունը, Մինասյանն ասաց, որ դա կերեւա ապագայում, հատկապես, թե ԲՀԿ քաղաքական խորհուրդն այսօր ինչ հայտարարությամբ հանդես կգա:

 

«ՀՀ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու հիմքեր կլինեին, եթե ԲՀԿ-ն ինչ-ինչ հաջողությունների հասներ, եւ միգուցե նաեւ այս ճանապարհով հանրապետականները առնվազն փորձում են կասեցնել դա: Զարգացումներ կլինեն, եւ թե ԲՀԿ-ն կամ ընդհանրապես եռյակը որքանո՞վ պատրաստ կլինի դրանց դիմակայելու եւ ի՞նչ քայլեր կձեռնարկի, դա արդե ապագայի հարց է»,- ասաց Սերգեյ Մինասյանը' հավելելով, որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, որի նպատակը նախընտրական պայքարն ու առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելն է:

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրած ոչ իշխանական քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովի ժամանակ խոսել է եռյակի գործողությունների մասին եւ միաժամանակ քննադատել ՀՀ իշխանություններին: Նա խոսել էր իշխանափոխության մասին' հավելելով, որ ապագայում այս առնչությամբ սպասվում են հանրահավաքներ մարզերում եւ Երեւանում:

 

ԲՀԿ խորհրդաժողովից հետո ՀՀԿ-ից հայտարարեցին, որ խորհրդի նիստ կհրավիրեն' քննարկելու հարցը: Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո Սերժ Սարգսյանը խոսել է երկրի ներքաղաքական կյանքի մասին: Նախագահը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,-ասել է Սերժ Սարգսյանը: