ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի «Եվրոպական, եվրասիական և ռուսական ուսումնասիրությունների մասնագետների» կենտրոնի հետ համատեղ փետրվարի 12-ին կազմակերպել է այցելություն-դասախոսություն, որին մասնակցել են «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի Միջազգային հարաբերությունների «Էլիոթ» դպրոցի դասախոսներ և ունկնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հանդիպմանը դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում ընթացող զարգացումները և դրանց առնչությամբ ՀՀ դիրքորոշումը:

 

Ներկաների կողմից բարձրացվել են բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, Կովկասյան տարածաշրջանում և դրա շուրջ անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այլն:

 

Դեսպանորդ Թաշչյանը բարձր է գնահատել ամերիկյան ուսանողական շրջանակների' տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը' ընդգծելով, որ միայն փոխադարձ ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի հասնել ամուր բարեկամության հաստատմանը: