Ոստիկանության քննիչը մեղադրյալի վերաբերյալ մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր է կցել գործին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'այս մասին է հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչը, տեղեկ անալով, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալը չի տիրապետում հայերենին, անձնական այլ դրդումներից ելնելով, կազմել և գործի նյութերին է կցել վերջինիս իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:

 

 

Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: