Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոքարկելու է նախորդ միջնորդությունը հետաձգելու որոշումը: «Ես բողոքարկելու եմ նախաքննական մարմնի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելու նախորդ միջնորդությունը հետաձգելու որոշումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

 

Սարգսյանը հավելեց նաև, որ Ավետիսյանների սպանության դեպքի վայրի ուսումնասիրության հետ կապված նոր միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե: «Դեպքի վայրի ուսումնասիրությունից հետո, ինձ մոտ որոշակի հարցեր են առաջացել և իմ նպատակն է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում կատարեն համապատասխան գործողություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող այդ հարցերը պարզելու համար»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:

 

Ավելի վաղ' Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որին ի պատասխան նախաքննական մարմինը գրավոր պատասխանել էր, որ Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով սպանության գործի քննության շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, կկայացվի քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: