ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վադանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերիլենդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվութան բաժնից՝ պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:

 

 

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ ծանոթացել են անասնաբուժասանիտարական վերահսկողության՝ մեր երկրում գործող համակարգերին, այնուհետեւ հայ գործընկերների հետ քննարկել բրուցելոզի վերահսկման համատեղ ծրագրի ստեղծմանն առնչվող հարցեր: Ծրագիրը, ըստ Վալերի Ռագանի, ուղղված է հիվանդությունների դեմ պայքարի ու դրանց կանխարգելման աշխատանքների բարելավմանը: Այս նպատակով առաջիկայում ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի են ունենալու համաճարակաբանական դասընթացներ անասնաբույժների համար, որոնց կմասնակցեն ներկայացուցիչներ նաեւ Հայաստանից:

 

 

Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն, որպես լիազոր մարմին, արդյունավետ է համարում համագործակցության այս ձեւաչափը եւ պատրաստ է աշխատել միջազգային կառույցների հետ: Քանի որ հանրապետությունում վերջերս նկատվել են բրուցելոզի եզակի դեպքեր եւ այն զոոնոզ հիավանդություն է, բանախոսը հատկապես կարեւորել է դրա կանխարգելման համար միջազգային փորձն ու մասնագիտական խորհուրդները, որոնք կարող են օգտակար եւ ուսանելի լինել:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի փոխհամագործակցության շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձել են ոլորտի օրենսդրական վերջին կարգավորումներին՝ «Անասնաբուժության մասին» փոփոխված օրենքին և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» նոր օրենքին, պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ: