Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կառուցված են բազմաթիվ առասպելների վրա, որոնք ստեղծվել են ինչպես Բաքվում, այնպես էլ Վաշինգտոնում որոշակի շրջանակների կողմից:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Ամերիկյան ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպության (AZAL) ղեկավար Էլմար Շախտախտինսկին' անդրադառնալով պաշտոնական Բաքվի հակաարեւմտյան հռետորաբանությանը եւ երկկողմանի հարաբերություններին:

 

Նրա խոսքով' ամենամեծ առասպելը վերաբերում է ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությանը:

 

«ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցները խոշոր պետություններն են' Եվրոպայի երկրները, Թուրքիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրական ուժ, մեծ բնակչություն, ռազմատնտեսական հզորություն: Ադրբեջանն այդ բոլորը չունի, այդ պատճառով չի կարելի խոսել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին», -ասել է նա:

 

Է. Շախտախտինսկին համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Բաքվի մեջ մեծամտություն է ձեւավորվել, իբր ԱՄՆ-ը ամեն ինչում պաշտպանում է իրեն, եւ այդ պատճառով աչք է փակում մարդու իրավունքների խախտումների վրա: Նրա կարծիքով, եթե Ադրբեջանն իրապես հայտնվի դժվար վիճակում, ապա դժվար թե Վաշինգտոնը Բաքվին սպասելիք օգնություն ցուցաբերի, քանի որ ներկայիս հարաբերությունները կառուցված են լոբբիստների ակտիվության վրա, որոնք փողի դիմաց առասպելներ են ստեղծում Վաշինգտոնի համար Ադրբեջանի մեծ նշանակության եւ դերի մասին:

 

Ըստ փորձագետի' այդ ֆոնին Բաքվի իշխանությունները փաստացիորեն վերացնում են երկրի արեւմտամետ ուժերը' խաղադրույք դնելով բռնապետությանը հակված, կոռուպցիայի եւ գողության հետ հաշտվող խմբերի վրա:

 

«Ցավոք, ԱՄՆ-ն ինքը չի գիտակցում նման քաղաքականության վնասը Ամերիկայի համար եւ կարծես պաշտպանում է Բաքվի հակաարեւմտյան քաղաքականությունը: Հենց այդ ֆոնին կայացավ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Բաքու, ինչը սխալ էր: Իրենց կոռուպցիայով, մարդու իրավունքների կայուն խախտումներով եւ այլ գործողություններով Ադրբեջանի իշխանություններն այնքան են փչացրել երկրի վարկանիշը, որ պատերազմ սկսվելու դեպքում դա կդառա լուրջ խոչընդոտ, որպեսզի Բաքուն աջակցություն ստանա Արեւմուտքից», -համոզմունք է հայտնել Է. Շախտախտինսկին' հ ավելելով, որ մեղմ վերաբերմունքի փոխարեն' ԱՄՆ կառավարությունը պետք է պատժամիջոցներ կիրառի մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի կառավարության անդամների դեմ: