«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունն ի պատպանություն քաղբանտարկյալների եւ իրավապաշտպան Լեյլա Յունուսի արշավ է սկսել սոցիալական ցանցերում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին կուսակցությունը հայտարարություն է տեղադրել Facebook-ի իր էջում:

 

 

Կուսակցությունն Ադրբեջանի բնակչությանը կոչ է անում միանալ իրենց արշավին եւ իշխանություններից պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Լեյլա Յունուսին:

 

 

«Մենք այլեւս չենք կարող լռել, քանի որ խոսքը գործող ռեժիմի դեմ տղամարդու պես պայքար տանող, ներկայում պատանդ վերցված տարեց կնոջ' Լեյլա Հունուսի առողջությունը կտրուկ վատանալու եւ կյանքի նկատմամբ լուրջ վտանգ առաջանալու մասին է: Մեզնից յուրաքանչյուրի իրավունքների  համար սկզբունքային պայքար տանող եւ այդ պայքարի պատճառով ձերբակալված տարեց կինը բանտային պայմանում կանգնել է մահվան վտանգի առաջ: Մենք որոշել ենք բողոքի ակցիա սկսել: Այն հայտարարվում է քաղաքական բանտարկյալներին աջակցության մեր արշավի շրջանակում», - ասվում է հայտարարության մեջ:

 

 

Հայտարարության մեջ կոչ է արվում ակտիվորեն մասնակցել ակցիային: Facebook-ի օգտատերերին առաջարկվում է իրենց լուսանկարները փոխարինել Լեյլա Յունուսի լուսանկարով, #FreeLeyla եւ #Leylaniazadet հաշթագներով նրան ազատելու պահանջով գրառումներ կատարել, փոխանցել նրա լուսանկարները եւ այլն:

 

 

Նշվում է, որ անհրաժեշտ է ակցիայի շրջանակում ուշադրության տակ պահել նաեւ Լեյլա Յունուսի ամուսնու' Արիֆ Յունուսին եւս, ով ձերբակալվել է նմանատիպ շինծու մեղադրանքներով եւ ում առողջական վիճակը եւս բանտում խիստ վատացել է:

 

 

«Ադրբեջանն առանց քաղաբանտարկյալների դաշինք»-ի համակարգող Օգթայ Գյուլաիեւն օրեր առաջ հայտարարել էր, որ ադրբեջանական կառավարությունը ոչ մի քայլ չի կատարում կեղծ մեղադրանքներով ամիսներ առաջ կալանված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վատացած առաջողական վիճակը բարելավելու ուղղությամբ:

 

 

«Ազադլըգ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 12-ին գերմանացի բժիշկ Քրիստիան Վիտտը հերթական անգամ բանտում զննել է Լ.Յունուսին եւ անալիզներից եզրակացրել, որ հեպատիտ C-ով վարակված նրա լյարդը գտնվում է քայքայման գործընթացում: Այդ մասին ԶԼՄ-երի հետ զրույցում Լ.Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովըն ասել է, որ բժշկի դուրս գրած թանկարժեք դեղամիջոցները Ադրբեջանում չկան, անելանելի վիճակ է ստեղծվել, եւ այժմ իրենք խնդիրը լուծելու ուղիներ են որոնում:

 

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Բաքվում ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 30-ին: Նրան պետական դավաճանության եւ այլ շինծու մեղադրանքներ են առաջադրվել: Սակայն, նրան հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

 

 

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: