Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարվա առաջին երեք ամսում ստացել է 984 բողոք, որոնցից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքների թիվը կազմում է 819-ը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հաշտարարի գրասենյակից, ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 819 բողոքներից 151-ը ենթակա չեն եղել քննության:

 

Բողոքներից 95-ը ուղղված են եղել բանկերի դեմ, որոնցից 53-ը վերաբերել են վարկային գործարքների, 7-ը' ավանդների, 27-ը' վճարահաշվարկային գործարքների, իսկ 8-ը' այլ տեսակի գործարքների: Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքների թիվը կազմել է 232, որոնցից 198-ը կապված են եղել ԱՊՊԱ գործարքների հետ:

 

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին, իսկ նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում է կազմակերպությունների կողմից' բողոք-պահանջների հիման վրա: