Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ էնգելը, ով մայիսի 3-ին դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ-ում, շեշտում է, որ վաղուց չի տեսել նման կազմակերպված ընտրություններ, բարձր մակարդակ և մասնակցության նման ցուցանիշ: Ըստ Էնգելի՝ ԼՂՀ ընտրությունների պատկերն ու ընթացքը պետք է օրինակելի դառնան բազմաթիվ երկրների համար, որոնք ցանկանում են հասնել ժողովրդավարական ցուցանիշի: «2013թ. մի երկրում, կարծեմ անունն Ադրբեջան է, նախագահական ընտրություններ էին և նախքան քվեատուփերի բացումն արդեն հայտնի էր, թե ով է հաղթել ընտրություններում: Արցախում մենք նման բան չենք տեսել: Ես եղել եմ 20 ընտրատեղամասում և ընտրական գործընթացը համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք կան Եվրոպայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Էնգելը' հավելելով, որ Արցախը հերթական անգամ ապացուցեց իր ժողովրդավարական բարձր մակարդակը:

 

Եվրախորհրդարանի պատգամավորը նաև ափսոսանք հայտնեց ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Եվրամիության և եվրոպական այլ կառույցների հայտարարությունների առնչությամբ: «Համոզված եմ, որ եթե Լեռնային Ղարաբաղում չլինեին ընտրություններ, ապա նրանք կասեին որ Արցախը Կովկասում ժողովրդավարական սև փոս է, երբ կան ընտրություններ, նրանք հայտարարում են, որ չեն ճանաչում: Ես այդ մոտեցումը չեմ ընդունում, և այդ մոտեցումը չի կարելի կիրառելի Արցախի ժողովրդի համար, քանի որ այս երկրի ժողովուրդն առանձնանում է իր քաղաքական կամքով և այն կերտում ժողովրդավարական ճանապարհով»,- ասաց Էնգելը: