«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 120 ընտանիք 2006 թվականից «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել է անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ Դավիթաշենում վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով:

 

2013թ., սակայն, բնակիչներին հայտարարել էին, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում, իսկ կառուցապատողը չի կարողանում շարունակել շենքի շինարարությունը՝ միջոցներ չունենալու պատճառով։ Արդեն 7 տարի շարունակ խաբված բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում ինչպես պետական իշխանության մարմինների շենքերի առջև, այնպես էլ «Արցախբանկի» տարբեր մասնաճյուղերի դիմաց: 

 

2014-ի հոկտեմբերին տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի, «Արցախբանկի» սեփականատերերից Հրաչ Կապրիելյանի և «Տոնուսից» խաբված՝ Դավիթաշենի և Փափազյանի շենքերի բնակարանների սեփականատերերի միջև:

 

Բնակիչներին ներկայացվել է ծրագիր, որը մշակվել էր կառավարության և բանկի համատեղ քննարկումների արդյունքում: Ծրագրի համաձայն՝ բնակիչները սահմանված ժամկետներում, կատարելով լրավճարներ, կստանան իրենց բնակարանները: Կատարվող լրավճարները կուղղվեն շենքի կառուցման աշխատանքներին: Շենքը փոխանցվելու է բանկի կողմից ներգրավված կառուցողապատողի տրամադրության տակ՝ շինարարությունը վերսկսելու և վերջնական ավարտին հասցնելու նպատակով:


ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Դավիթաշենում տարիներ շարունակ ձգձգվող «Տոնուսի» կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի բնակիչների հետ:


- Ի՞նչ փուլում է գտնվում Դավիթաշենի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու և բնակիչներին իրենց բնակարանները տրամադրելու գործընթացը:

 

- Կարծում ենք՝ այն գտնվում է ավարտական փուլում: Ներկայումս գործընթացը վերջապես դրվել է իրավական հիմքերի վրա, ստորագրվել են համաձայնագրեր «Արցախբանկի» և Դավիթաշենի շենքի բնակիչների միջև, և մոտ օրերս արդեն շենքի շինարարությունը կվերսկսվի, որից հետո կսկսվի նաև բնակարանների փոխարեն գումարը նախընտրող բնակիչների փողի վերադարձը:


- Դուք երկարատև պայքար մղեցիք մինչև այս ձեռբերումը: Ի՞նչը նպաստեց համաձայնության կնքմանը:

 

- Այո, մենք 2013թ.-ի սկզբից պայքարում ենք մեր բնակարանները ստանալու համար և այդ ընթացքում դիմել ենք բոլոր ատյաններին, բազմաթիվ պաշտոնյաների: Պետք է ասեմ, որ առաջին հաջողությունները գրանցեցինք այն բանից հետո, երբ ՀՀ նախագահն ամիջական ցուցում տվեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովիկ Հովսեփյանին՝ զբաղվել մեր հարցերով: Մենք գիտենք, որ դրան հետևեց ՀՀ վարչապետի կողմից իրականացված քայլերը, որոնց արդյունքում նրա հետ հանդիպեցին «Արցախբանկի» սեփականատերեր Վարդան Սիրմաքեշն ու Հրաչ Կապրիելյանը: «Արցախբանկի» սեփականատերերի և իշխանությունների համագործակցությունը շրջադարձային դարձավ մեր գործում: Սիրմաքեշն ու Կապրիելյանն ընդառաջ գնացին շենքի բնակիչներին՝ սեփական կորուստների գնով, ինչի համար մենք նրանց շնորհակալ ենք: Շնորհակալ ենք նաև ՀՀ վարչապետի օգնական Հայկ Դավթյանին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սնանկության կառավարիչ Հրանտ Ղամբարյանին:


-Փաստորեն, մեծ թվով ատյաններ և մարդի՞կ են ներգրավված եղել այս գործընթացում:

 

-Ասեմ ավելին՝ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ ունեն իրենց ներդրումը:


-Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

 

-Պետք է սպասել: Այժմ ամենը կախված է «Արցախբանկից», կառուցապատողից, Երևանի քաղաքապետարանից և քաղաքապետ Տարոն Մարգարյանից, որոնցից բոլորից էլ մենք՝ բնակիչներս ակնկալում ենք օպերատիվ գործողությունների իրականացում: «Արցախբանկի» սեփականատերերի անմիջական վերահսկողության և ֆինանսավորման դեպքում կառուցողապատողը պետք է սեղմ ժամկետներում շինարարական աշխատանքներն ավարտի, իսկ Երևանի քաղաքապետը, հույս ունեմ, կանի իրենից կախված ամեն ինչ, փաստաթղթային փաթեթի արագ ձեռքբերման և ավարտական ակտի կազմման համար:


-Տարիներ տևած պայքարը մտերմացրե՞լ է ձեզ՝ բնակիչներիդ:

 

-Այո, մենք դարձել ենք արդեն մի ընտանիքի պես: «Մի տնից չենք, նույն հալից ենք» ժողովրդական խոսքն այստեղ կարծես լրիվ բնութագրում է վիճակը: