«Յուքոմ» ընկերությունը և «Իդրամ» վճարային համակարգը ստեղծել են համատեղ նոր U!pay վճարային համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

Վերջինս նշեց, որ նոր վճարային U!pay համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կատարել բոլոր վճարումները:

 

Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմի» բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ և այլ տեսակի վճարումներ, միևնույն վայրից, միևնույն համակարգով:

 

«Մենք մեր երեք մասնաճյուղերում այսօր բացում ենք «Յուփեյ» վճարային համակարգով վճարումներ կատարելու հնարավորություն: Համակարգը շուտով կգործի նաև այլ սպասարկման կենտրոններում: Բաժանորդը, մտնելով մեր գրասենյակ, միանգամից կկատարի իր բոլոր վճարումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

«Ժամանակի ընթացքում մենք պատրաստվում ենք ընդլայնել ծառայությունները: Մեր նպատակն է հնարավորություն տալ հաճախորդներին' մեկ վայրում կատարել վճարումները»,- ասաց «Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:

 

Նշենք նաև, որ հետագայում հնարավորություն կլինի վճարումները կատարել հեռախոսների համար նախատեսված հավելվածների միջոցով:

 

«Յուփեյ» վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել կոմունալ վճարումներ, վարկերի մարում, բջջային հեռախոսի լիցքավորում, հարկերի, տուրքերի վճարումներ, ՃՈ տուգանքների վճարում, ավտոկայանման համար վճարում, սոցցանցերի հաշիվների լիցքավորում, ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում), ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում, բուքմեյքերական հաշիվների լիցքավորում, դրամական փոխանցումներ, էլեկտրոնային փողի փոխարկում: