Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց 1,7 միլիոն երեխա այդ երկրում նախկինի պես շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին Ժնևում հաղորդել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

 

«Երկրաշարժից վնասված մոտավորապես երկու տասնյակ շրջաններում 1,7 միլիոն երեխա նախկինի պես շտապ մարդասիրական օգնության կարիք ունի»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ որում, մինչև հինգ տարեկան շուրջ 70 հազար նեպալցի տառապում է թերսնումից: Նրանցից 15 հազարը հատուկ «թերապևտիկ սնուցման» կարիք ունի՝ «սուր տեսակի թերսնումը» բուժելու համար:

 

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմադուից 84 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, տուժածներինը՝ 14 հազարը: Նեպալում 7,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին, հասել է 96-ի, տուժել է 2563 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով քանդվել կամ մասնակիորեն վնասվել է առնվազն 500 հազար տուն: ՄԱԿ-ը հայտարարել է, որ տարերքի հարվածից հետո իրենց կացարանները լքել են ավելի քան 2,5 մլն բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: