Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել Ստեփան Դանիելյանին
Պարոն Դանիելյան, դուք այսօր եղել եք Անդրեաս Ղուկասյանի մոտ, ինչպես է նրա առողջությունը:
Հարազատները և մտերիմները չափազանց մտահոգ են նրա առողջության համար: Այսօր եկել էին բժիշկները և երբ նա հանեց կիսավերարկուն, հաստ սվիտերի տակից ուրվագծվում էին ոսկորները: Տպավորությունն իրոք ծանր էր, սակայն արիությունը և ոգին տեղն է: Ովքեր Անդրիասին ճանաչում են, տեղյակ են նրա ինտելեկտուալ և վերլուծական շատ բարձր ունակությունների մասին: Հացադուլը բացարձակապես չի ազդել մտքի պայծառության վրա:
Այսօր մամուլում լուր էր տարածվել, որ Պարույր Հայրիկյանի վիճակը նույնպես վատ է և բացառված չէ, որ նա դիմի ՍԴ նոր ընտրությունների պահանջով: Ինչ եք կարծում, Անդրիասը դուրս կգա՞ հացադուլից:
Իհարկե: Անդրիասը հարտարարել էր, որ այդ դեպքում դուրս կգա հացադուլից, սակայն ես խիստ կասկածում եմ, որ Հայրիկյանը կդիմի ՍԴ: Նման հայտարարությունները, ըստ երևույթին, իշխանության հետ հրապարակային երկխոսության դրսևորումներից է: Այս ընտրություններում կա չորս դերակատար' իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, հասարակությունը, թեկնածուները և ընդդիմության դերը ստանձնած օտարերկրյա դեսպանները: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դեսպանները ցանկանում են լրացնել նոսրացող ընդդիմության շարքերը: Ընդհանրապես, ընտրությունների ժամանակ ընտրվողները տարբեր կարգի խոստումներ են տալիս ընտրողներին, հետո տալիս են հաշվետվություններ, որտեղ հասարակությունը հանդես է գալիս պահանջատիրոջ դերում: Հայաստանում կարծես թե այլ իրավիճակ է: Քանի որ մենք գիտենք, որ հասարակության դերն ընտրությունների ժամանակ նվազեցված է, ապա այնպիսի տպավորություն կա, թե իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային կազմակերպություններին ու գերտերություններին: Բնականաբար, պահանջատիրոջ դերում հանդես են գալիս դեսպանները և ստանում են իշխանությանը քննադատելու իրավունք:
Վերադառնանք մեր թեկնածուներին: Ըստ տրամաբանության, բոլոր թեկնածուները պետք է Սերժ Սարգսյանին ընդդիմադիր լինեն, հակառակ դեպքում ինչու են մասնակցում ընտրություններին, սակայն ինչպես տեսնում ենք, կարելի է տարբեր կերպ ընդդիմադիր լինել: Հատկապես ջերմ հարաբերություններ են հաստատվել առաջին տեղերի համար պայքարող թեկնածուների միջև: Ում է կարող Հայաստանի հասարակությունը պահանջներ ներկայացնել: Իշխանությանը չի կարող, քանի որ իշխանությունը կախված չէ հասարակությունից, ավելին, հասարակության հանդեպ հանդես է գալիս հակառակորդի դիրքերից: Մնում են թեկնածուները: Բոլորս հասկանում ենք, որ առանց թեկնածուների շոուն տեղի չի ունենա, և այդ առումով նրանք լուրջ պատասխանատվության տակ են, որպես ֆարսի մասնակիցներ:
Տեսակետներ կան, որ որոշ թեկնածուները ընտրություններին մասնակցում են, որպեսզի դառնան ավելի ճանաչելի և հետագայում դառնան ընդդիմության լիդերներ:
Կարծում եմ, որ որոշ թեկնածուներ նման նպատակ ունեն, ինչը չի բացառում զուգահեռաբար այլ, ավել շահադիտական նպատակներ ևս: Սակայն այն կարծիքին եմ, որ դա չի հաջողվի; Ընտրություններից հետո նրանք շատ լուրջ պատասխանատվության տակ են հայտնվելու, հատկապես երկրորդ տեղում հայտնված թեկնածուն, որը պետք է նաև որոշ արարողակարգային դերակատարություն կատարի: Երբեմն թեկնածուներից ոմանք ինձ հիշեցնում են մարադյորների, որոնք մահացող օրգանիզմից փորձում են օգուտ ստանալ: Սակայն դուք գիտեք, թե ինչպես են վարվում մարադյորների հետ իրավական երկրներում: Հույս ունեմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կդառնանք իրավական երկիր: