Ի՞նչ պայմաններում դատախազությունը փաստաբանի սպանության գործի «մեղադրանքը» հասցրեց դատարան և մեղադրական դատավճիռ ստացավ.

 

 

Մաս առաջին. ինչպե՞ս են իրավապահների և փորձագետների ձեռքով անհետացել քրեական գործի նյութերը (ապացույցները)

 

 

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով երկու տարվա դատաքննության ավարտին երեք ամբաստանյալների՝ Սամվել Դիլոյանի, Արտակ ու Արեն Վերանյանների նկատմամբ դատախազության կողմից խմբակային խուլիգանության, իսկ վերջինիս նկատմամբ նաև սպանության մեղադրանքից հրաժարվելու հիմքով Արեն Վերանյանի՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո այս դատավարությանն ուշի-ուշով հետևող հանրությունն ակնկալում էր, որ մեղադրողները կփորձեն հանրության առաջ բարձր պահել ՀՀ դատախազության հեղինակությունը, քաղաքացիական արիություն կդրսևորեն և կներկայանան գործի դատաքննության արդյունքներով ակնհայտ դարձած միակ ճիշտ որոշմամբ, այն է' Սամվել Դիլոյանի վերաբերյալ մեղադրանքից հրաժարվելու, իսկ Արտակ Վերանյանի մասով' արարքը վերաորակելու միջնորդությամբ: Բայց արդարադատությանը սպասող ժողովուրդը հուսախաբ եղավ: Մեղադրողն իր ճառում միջնորդեց Սամվել Դիլոյանին մեղավոր ճանաչել վերագրվող հոդվածում և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով: Դրանից հետո սպասվում էր, որ գոնե դատարանը կճանաչի և կհռչակի Սամվել Դիլոյանի անմեղությունը, բայց դատարանն էլ վավերացրեց դատախազության որոշումը և մեղադրական դատավճիռ կարդաց՝ 12 տարվա ազատազրկման պատժաչափով:

 

 

Գործի նախաքննությունը տևել է գրեթե ինը ամիս, դատաքննությունը՝ երկու տարի, նշանակվել են ընդհանուր 51 դատական նիստեր, դատական քննությանը մասնակցել են հինգ դատախազներ. դատաքննության' նախաքննությունից 2,5 անգամ երկար տևելու պատճառները գլխավորապես մեղադրողների միջնորդություններն են եղել: Այսքանից հետո մեղադրողն իր ճառում որպես «արժանահավատ ապացույցներ» վկայակոչեց բացառապես նախաքննության ընթացքում ձեռք բերվածները: Եվ արդարացի հարց է ծագում՝ եթե դատաքննության արդյունքում հիմնավորված տվյալները որևէ արժեք չունեն, դատաքննությունը ոչինչ չորոշող ձևական փուլ է, ինչո՞ւ էին մեղադրողները այդքան երկար ու ջանասիրաբար ձգձգում դատական գործընթացը: Դեռ վերջում էլ բացահայտ ապօրինությամբ փորձում դատարանից դիակի արտաշիրիմման որոշում կորզել, ինչը իհարկե չհաջողվեց նրանց: Մեղադրողի ճառն էլ, որ մի մասով դրվել է Սամվել Դիլոյանի դատավճռի հիմքում, ոչ թե օրենքով նախատեսված ապացույցների շրջանակում էր, այլ դատախազի ենթադրությունների հիման վրա կառուցված՝ այն էլ որոշակի տրամաբանական սխալ եզրահանգումներով: Դատախազի ճառում բնականաբար որևէ անդրադարձ չկար այն մասին, որ փաստաբանի մահվան դեպքի առթիվ իրականացված քննությունն իրականում վեր է ածվել անիրավության և անարդարության գործիքի՝ ընդդեմ մեղադրյալ և տուժող կողմերի:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը հանրությանն է ներկայացնում փաստեր, թե ինչպես փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան գործով մեղադրանքի կողմն իր «մեղադրանքը» հասցրեց դատարան և երկու տարվա անարդյունք պայքարից հետո ապացույցների բացակայության, այլ կերպ՝ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի անմեղությունը հաստատված լինելու պարագայում մեղադրական դատավճիռ ստացավ Սամվել Դիլոյանի վերաբերյալ: Առաջին դրվագը դատավարական ընթացակարգի ակնհայտ, նախադեպը չունեցող ապօրինության մասին է, որ պաշտպանական կողմին զրկել է ամբաստանյալների անմեղությունը հաստատող բոլոր ապացույցներին անդրադառնալու հնարավորությունից, և որի պատճառով վերջիններս ստիպված էին խոսել քրեական գործում պակասող փաստաթղթերի պայմաններում:

 

 

Խոսքը վերաբերում է նախաքննական մարմնի և դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կողմից գործի նյութերի անհետացմանը:

 

 

Այսպես, Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանը որոշում էր կայացրել գործով «Լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»: Դատարանում պաշտպանական կողմը վիճարկեց այս հանձնաժողովի կեղծ և ապօրինի եզրակացությունը (որով իբր տուժողի մահը վրա է հասել մեկից ավելի հարվածների հետևանքով), նույնիսկ հանցակազմի տարրեր մատնանշեց փորձագետների գործողություններում: Առաջին ատյանի դատարանն էլ իր դատավճռում (թեպետ մեղադրական) գնահատեց այն որպես անթույլատրելի ապացույց:

 

 

Նախ՝ այս փորձաքննության նշանակման մասին քննչականի պետի որոշումը նույն օրը ուղեկցական գրությամբ ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ տնօրենին: Կից ուղեկցական գրության մեջ քննիչի որոշման մասին նշված է. «Առդիր' որոշումը 2 թերթ...»: Քրեական գործում, սակայն, առկա է քննիչի որոշումը՝ բաղկացած 5 թերթից, հետևաբար' փորձաքննությանը չէր կարող ուղարկվել երկու թերթանոց որոշում: Եվ կամ էլ այն հետո են փոխել՝ մոռանալով, սակայն, փոխել ուղեկցական գրությունը և շտկել անհամապատասխանությունը: Իսկ թե ում պահանջով կամ հորդորով է փոխվել դատավարական փաստաթուղթը՝ առանց կողմերին տեղյակ պահելու, հայտնի չէ: Այնուհետև՝ քննիչի որոշումը և կից նյութերը ստանալով՝ փորձագետները միջնորդություն են ներկայացրել՝ փորձաքննությանը տրամադրել նաև քրեական գործի նյութերը: Ի պատասխան՝ քննչականի պետը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ տնօրենին ուղեկցական գրությամբ ուղարկել է գործի նյութերը՝ (Առդիր' «քրեական գործի 1-ին հատորը' «249», 2-րդ հատորը' «251», 3-րդ հատորը' «387» թերթից»): Լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո ուղարկվել է նախաքննական մարմնին: ՊՈԱԿ տնօրենի ստորագրությամբ ուղեկցական գրությունը մուտք եղել Լոռու մարզի քննչական բաժնի քարտուղարություն, ըստ որի առդիրում որպես վերադարձվող նյութեր նշվել են հարցաքննությունների քսերոպատճենները'13 թերթից, քրեական գործի նյութերը' 1-ին հատորը' «249», 2-րդ հատորը' «251», 3-րդ հատորը' «387» թերթից»: Այսպիսով՝ փորձաքննությանը որոշման հետ ուղարկվել են 25 թերթ նյութեր, սակայն քննիչին վերադարձվել են 13 թերթ. ո՞ւր են անհետացել 12 թերթ նյութերը, ի՞նչ նյութեր են դրանք, ի՞նչ վտանգ են իրենց մեջ պարունակել քննիչի կամ փորձագետի համար, որ փորձագետները' Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, դրանք հետ չեն ուղարկել քննիչին, քննիչն էլ հետ չի պահանջել: Տրամաբանական է, որ դրանցով հերքվելու էին դատաբժշկական հանձնաժողովի ապօրինությունները, որոնք փաստորեն գնահատեց նաև դատարանն իր վճռով: Ինչ վերաբերում է քրգործի հատորներին, քննիչի կողմից դրանք փորձագետին են ուղարկվել և վերադարձվել նույն կազմով: Մինչդեռ պաշտպանական կողմին և դատարանին է տրամադրվել 3-րդ հատորը՝ բաղկացած ոչ թե 387 , այլ 251 թերթից: Ո՞վ է գողացել, կամ թաքցրել, կամ ոչնչացրել քրեական գործի 3-րդ հատորի 136 թերթ նյութերը, որոնցում, պաշտպանական կողմի համոզմամբ, առկա են եղել և անհետացել Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին արդարացնող ապացույցները:

 

 

Քննչական խմբի անդամ, քննիչ Հրաչյա Մարգարյանն անգամ իր դատաքննական ցուցմունքի ժամանակ չկարողացավ ասել, թե ինչպես է ստացվել, որ 3-րդ հատորը փորձագետին է ուղարկվել և վերադարձվել նույն էջերի քանակով, մինչդեռ դատարան մուտքագրվածը պակաս է 136 թերթ նյութերով:

 

 

Բացի այդ, քրեական գործից անհետացել են նաև դեպքի վայրի զննության ժամանակ կատարված 43 լուսանկարներից 36-ը, որոնք հավելվածում փակցվելուց հետո, անհասկանալի հանգամանքներում բացակայել են այն սկավառակից, որի վրա տեղակայվել են մյուս 7 լուսանկարները: Ո՞վ է որոշել, որ պետք է մնան միայն այդ 7-ը, իսկ մյուս 36-ի սկզբնաղբյուրները պետք է բացակայեն քրեական գործից: Բացի այդ, քրեական գործին չի կցվել առեղծվածային վկաներից Վոլոդյա Պետրոսյանի առաջին ցուցմունքը, որը, ըստ նրա դատաքննական ցուցմունքի, ինքը տվել է դեպքից ամենաշատը 15-20 օր հետո, ամանորից առաջ: Մինչդեռ նշված վկայի՝ քրեական գործում առկա հարցաքննության արձանագրությունը թվագրված է ապրիլ ամսին, այսինքն՝ դեպքից 5 ամիս անց: Եվ դա այն դեպքում, երբ նույն վկան՝ որպես ընթերակա, մասնակցել է դեպքի վայրի զննությանը, որի ժամանակ էլ հայտնել է ոստիկաններին, որ դեպքի ժամանակ ներկա է գտնվել վիճաբանությանը և լսել է հայհոյանքի ձայներ: Որքանո՞վ է տրամաբանական, որ դեպքին հավանական ականատեսին հարցաքննեին դեպքից հինգ ամիս անց, եթե առավել ևս, ըստ պաշտոնական վարկածի, նախաքննական մարմինը ցանկացել է բացահայտել դեպքի իրական հանգամանքները: