ՀՀ ոստիկանությունում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ:

 

 

Քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները:

 

 

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» իմացության ստուգարքների կազմակերպում տարածքային բաժիններում, կենտրոնական ապարատի և ծառայություն կատարող վերակարգերի միջև անընդմեջ կապի ապահովում և այլն:

 

 

Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն է դարձրել սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին: Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հանրության, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և առանձին քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը՝ ինչպես հանրաքվեի օրը, այնպես էլ նախորդող շրջանում:

 

 

Հիշեցնելով, որ ոստիկանության վերահսկողական ծառայությունները ընտրատեղամասերի տարածքում անմիջաբար են հսկելու վերակարգերի աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը մյուս ծառայություններին հրահանգել է ակտիվացնել օպերատիվ ու կանխարգելիչ աշխատանքները քարոզարշավի և հանրաքվեի ժամանակ պատշաճ հասարակական կարգ ապահովելու, իրավախախտումները բացառելու, օրենքի պահանջները լիարժեք կատարելու համար:

 

 

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև այս օրերին հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայության ուժեղացմանը՝ պայմանավորված համաշխարհային ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով: Ոստիկանության պետը հավելել է, որ այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ, անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին:

 

 

Խորհրդակցության մասնակիցներն ըստ ստորաբաժանումների ներկայացրել են նախապատրաստական աշխատանքների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ստացել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: