Թեև ռուսական կողմը հավաստիացնում է, որ ռուս-թուրքական պատերազմ չի լինելու, այլ կարող են լինել միայն առանձին գործողություններ և պատժամիջոցներ, սակայն Հայաստանը, կարծում եմ, չպետք է այդ հայտարարությունից կորցնի զգոնությունը, որովհետև իրադարձությունների զարգացման ընթացքն ամեն դեպքում ցույց է տալիս, որ ոչինչ չի բացառվում: Նախ, ո՛չ Թուրքիայի նախագահը, ո՛չ էլ վարչապետը չեն պատրաստվում Ռուսաստանից ներողություն հայցել, ինչի մասին արդեն հայտարարել են: Իսկ դա նշանակում է, որ իրավիճակի մեղմացում ակնկալել անիմաստ է, ընդհակառակը՝ իրավիճակը գնալով կարող է սրվել: Դրան գումարում ենք այն, որ Ռուսաստանը Հայաստան է ուղարկել ևս 7000 զինծառայող և համապատասխան ռազմական տեխնիկա՝ հայ-թուրքական սահմանի հսկողությունն ամրապնդելու համար: Սա արդեն ենթադրությունների տեղիք է տալիս, և քանի որ հարցը վերաբերում է արդեն Հայաստան-Թուրքիա սահմանին, ապա Հայաստանն այստեղ չեզոքություն դրսևորել այլևս չի կարող և կամա թե ակամա ներքաշվելու է հակամարտության մեջ:

 

 

Այլ հարց է, թե այդ ներքաշվելն ինչ տեսքով կլինի: Ռուսաստանի ЛДПР կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վերջին օրերի ընթացքում արդեն որերորդ անգամ է՝ հանդես է գալիս հայերի հետ կապված սադրիչ հայտարարություններով, որոնց էությունն այն է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի օգնությամբ պատերզմ սկսի Թուրքիայի դեմ և վերադարձնի Արևմտյան Հայաստանը: Եթե հաշվի առնենք, որ իր ոչ ադեկվատ վարքով աչքի ընկնող նույն Ժիրինովսկին միևնույն ժամանակ հայտարարում է նաև, որ Ռուսաստանում ապրող հայերը դավաճաններ են և նրանք պետք է լքեն Ռուսաստանը, պարզ է դառնում, որ քաղաքական այս ծաղրածուի սիրտն իրականում հայերի ու Հայաստանի համար չի ցավում, պարզապես նա հայերին և Հայաստանը տեսնում է զուտ որպես գործիք՝ Ռուսաստանի համար որոշակի ռազմական խնդիրներ լուծելու համար:

 

 

Ժիրինովսկին իր անձնական կարծիքն է հայտնում, թե Ռուսաստանի որոշ շրջանակների տեսակետ է ներկայացնում՝ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում հայկական կողմը պետք է առավելագույնս զգոն լինի, յուրաքանչյուր պաթետիկ հայտարարությունից չոգևորվի և միշտ կայացնի մտածված որոշումներ՝ Հայաստանի համար առավելագույնս շահեկան:

 

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Թուրքիայի հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, ապա այստեղ ես կարծում եմ, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը և աջակցությունը Ռուսաստանին պատժամիջոցների հարցում կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա: Օրինակ՝ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելը կարող է նպաստել տեղական արտադրության զարգացմանը:

 

 

Կարեն Վարդանյան