Նորություն չէ, որ Թուրքիան կողմնակալ վերաբերմունք ունի ԼՂ խնդրում, ու առաջին անգամ չէ, որ այդ երկրի առաջին դեմքերը հանդես են գալիս ադրբեջանանպաստ հայտարարություններով: Երբ Թուրքիայի ղեկավարները նման հայտարարություններ են անում Բաքվում' դրանց հասցեատերերը լինում են ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդը, միջազգային հանրությունը, այլ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հասարակությունները: Ասել կուզի՝ Անկարայից ու Բաքվից հնչող հայտարարությունները կրում են նաև ներքաղաքական դրոշմ:

 

Թուրքիայի վարչապետի պաշտոնում վերահաստատված Ահմեդ Դավութօղլուն առաջին օտարեկրյա այցը կատարել է Բաքու, որտեղից էլ Հայաստանին կոչ է արել վերադարձնել ազատագրված տարածքները:

 

Կրկնում եմ՝ Անկարայի նման հայտարարությունը նորություն չէ' թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Էական է հայտարարության հնչեցման պահը ու նաև այն, որ թուրքական հռետորաբանությունն ավելի կտրուկ է դարձել:

 

Դա կանխատեսելի էր ռուս-թուրքական առճակատման ֆոնին, որն, իհարկե, չի հանգեցնի երկու երկրների պատերազմին, սակայն կարող է սրել իրավիճակը այն հարթակներում, որոնք զգայուն են Թուրքիայի և Ռուսաստանի համար: Այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Ղարաբաղը հենց այն օբյեկտներն են, որոնցում կարող է խախտվել ստատուս քվոն' ռուս-թուրքական ճգնաժամի հետևանքով:

 

Մինչև վերջերս Անկարան փորձում էր խաղալ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների վրա՝ ձգտելով վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության գործող ձևաչափը: Թուրքիան փորձում էր Մոսկվայի միջոցով ակտիվացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում:

 

Թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն արմատապես փոխեց իրավիճակը: Եռանախագահության այսօրվա ձևաչափը չի վերանայվելու, ու այդ մասին երեկ Բելգրադում հավաստեցին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Հայտնի է նաև, որ այս ամսվա կեսերին կայանալու է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

 

Եթե այդ ամենին նախորդում է Դավութօղլուի հայտարարությունն ու զրան զուգահեռ' Ղարաբաղում ադրբեջանցիների դիվերսիոն օպերացիայի փորձը, ապա մնում է արձանագրել, որ թուրքական գործոնը դառնում է տարածաշրջանային խաղաղության սպառնալիք:

 

Սուրեն Սուրենյանց