Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության և www.cult.am-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին կկայանա ռոբոտների ցուցադրություն։

 

 

Ցուցադրության ընթացքում կներկայացվեն ռոբոտներ, որոնք արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը: Բոլոր այցելուները հնարավորություն կունենան ներկա գտնվել բացառիկ ցուցահանդեսին, անձամբ ծանոթանալ ամենահայտնի ռոբոտներից մի քանիսին, շփվել նրանց հետ, լուսանկարվել:

 

 

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, մուրացկան ռոբոտ և այլն։

 

 

 

Ցուցահանդեսին կմասնակցի նաև ԱրմՋիՍի ընկերությունն իր թռչող սարքերով, իսկ «CET» կազմակերպությունը («LEGO® Education» պաշտոնական մատակարար Հայաստանում) գյումրեցի դպրոցականների համար կիրականացնի լեգո ռոբոտների կառուցման սեմինար։

 

 

Ցուցահանդեսն ավելի մեծաքանակ ցուցանմուշներով ներկայումս ընթանում է Երևանում' Երևան Մոլում, որի կազմակերպիչն է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը' Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ: «Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ամբողջ պատմության ընթացքում: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում' ունենալով գլխապտույտ հաջողություն: