Newmag-ը հանդիպել է Վանո Սիրադեղյանի երեխաների հետ: Նրանք սովորաբար փակ են հանրության համար, քանի որ չեն ցանկանում որևէ լրատվամիջոցի էջերում դառնալ քաղաքական շահարկումների առարկա:

 

Ինտերպոլը 15 տարի փնտրում է նրան ու չի գտնում: Նրա հավատարիմ ընթերցողները 15 տարի վերընթերցում են նրա պատմվածքներն ու սպասում են նոր ժողովածուի տպագրության: Զավակները 15 տարի սպասում են իրենց հորը և հույսները չեն կորցնում: Նրա կանայք 15 տարի ապրում են միայն անցած-գնացած երջանկության կամ տառապանքի հուշերով:

 

Վանո Սիրադեղյանի գերդաստանը նրա բոլոր ընտանիքներն են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, կամ գրեթե ոչինչ: Վանոյի արտասովոր ճակատագրից բաժին է հասել յուրաքանչյուր Սիրադեղյանի: Ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը, որոնք հավաքել է newmag-ը, նույնպես ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:

 

Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը պատմել էր, թե Վանո Սիրադեղյանն ինչպես է հեռացել Հայաստանից: Թիկնապահը Սիրադեղյանի մեկնելու օրն է վերջին անգամ շփվել նրա հետ: Սուրեն Սիրունյանը պատմել էր նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել: Այդ գլխարկը Սուրեն Սիրունյանը հանձնել էր Վանո Սիրադեղյանի դստերը' Արփիին:

 

«Սուրենը եկավ, ասաց՝ Արփի՛, էս պապայիդ գլխարկն ա, թող մնա քեզ մոտ: Ինքը ասաց՝ հետ կգա»:

 

Արփի Սիրադեղյանն այդ օրից սկսած 15 տարի շարունակ պահում է հոր գլխարկը, սպասում է նրա վերադարձին: Վերջին անգամ նրան տեսել է հեռանալու նախորդ օրը: Այցելել էր հորը' տեսնելու' ինչպես է: Արփին պատմում է, որ այդ օրը հայրը շատ մտազբաղ էր, անընդհատ ինչ-որ բան էր ուզում իրեն ասել, բայց չէր ասում: «Երբ իրեն էի նայում, հայացքը թաքցնում էր, մտածում էի' տեսնես ինչ է ուզում ասել… Հետո ասաց. «Արփի՛, քնից որ արթնացա, ձեռքս տարա երեխայի անկողնուն, ուզում էի տեսնել' Խչոն կո՞ղքս է, թե՞ չէ»: Արփին հոր հետ կապված շատ հիշողություններ ունի: Պատմում է, թե ինչ պարզ ու բարի, հոգատար էր իրենց նկատմամբ: «Գուցե աշխատանքի բերումով մենք ամեն օր չտեսնեինք նրան, բայց նա երբեք չէր մոռանում մեր մասին»:

 

«Երբ մենք դեռ Առինջում էինք ապրում, անընդհատ դասի տանել-բերելիս նայում էր առանձնատներին, ասում էր. «Արփի՛, էս տնից եմ առնելուե: Ու մի օր զանգեց, ասաց. «Արփի՛, հիշո՞ւմ ես, որ տուն էի ուզում առնել: Մենք հիմա տուն ունենք»,- պատմում է Վանո Սիրադեղյանի դուստրը: Հիշում է, թե ինչպես էր հայրը սիրում կանգնել եկեղեցու հենց գմբեթի տակ ու երգել «Դլե յամանը»։

 

Մանրամասներն՝ այստեղ: