Չէ՛, ինչ ուզում եք՝ ասեք, բայց 2016-ը մեր որոշ բարձրաստիճանների համար հաստատ լավ չի սկսվել: Չնայած որոշ նախարարների՝ տեսախցիկների առաջ խրոխտ կեցվածք ձևացնելուն՝ հետզհետե ակնհայտ է դառնում, որ մեզ ծանոթ կառավարությունում այլևս մի բան այն չէ, ինչ-որ անհասկանալի ստվերային տհաճ գործընթացներ են կատարվում ինչ-որ մութ անկյուններում, և որոշ նախարարների «բանը, այնուամենայնիվ, կարող է իրապես բուրդ լինել»:



Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ հատկապես վերջին ժամանակներս մամուլում պարբերաբար չարագույժ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ այս կամ այն նախարարը շուտով պաշտոնազրկվելու է, հեռացվելու: Իհարկե, նախարարներն այդ փորձում են ամեն կերպ հերքել սույն տեղեկությունները՝ համարելով դրանք, ասենք, սին բամբասանքներ, բայց դե մենք՝ ձեզ հետ միասին, լինելով նաև մի փոքր հոգեբաններ, այդ պահին կարողանում ենք չտրվել խոսքերի ազդեցությանն ու նույնիսկ մարդու աչք թարթելու տեխնիկայից հասկանում, թե այդ պահին իրականում ինչ փոթորկահույզ գործընթացներ են տեղի ունենում նրա սրտում:

 

 

Հիմա էլ, եթե իհարկե հավատալու լինենք մամուլում տեղ գտած վերջին տեղեկություններին, պարզվում է՝ հարվածի տակ է հայտնվել Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Ասում են՝ Հովիկ Աբրահամյանն արդեն Ասատրյանին տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է դաշնակցականներին։ Նույնիսկ ասում են, թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում իբր նկատել են, թե ինչպես է իրենց նախարարը՝ Արտեմ Ասատրյանը, այդ նախազգուշացումից հետո դարձել մի տեսակ տխուր ու մտահոգ. նրան սեփական ապագայի մասին մտահոգություններն են սկսել ակամա տանջել:

Ասել, թե այս նախարարի կառավարման տարիներին ոլորտում ոչինչ չի արվել, սխալ կլիներ: Սակայն բոլորդ եք հասկանում, որ համարել նրա աշխատանքի արդյունքները լիովին գոհացուցիչ, ևս ոչ մի կերպ չի կարելի, քանի որ ոլորտի շատ ու շատ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ. չմոռանանք, որ մեր պես երկրի համար այս նախարարության կարևորությունը թերագնահատել ոչ մի կերպ չի կարելի, քանի որ, ըստ էության, սա մի նախարարություն է, որն անմիջականորեն զբաղվում է մեր ժողովրդին ներկայումս հուզող կարևորագույն հարցերով՝ սոցիալական խնդիրներով ու աշխատատեղերին վերաբերող պրոբլեմներով՝ համակարգելով այս ուղղությամբ կատարվող ամբողջ աշխատանքը:

 

 

Ով ինչ ուզում է ասել, բայց դաշնակցականների՝ Հայաստանի քաղաքական ասպարեզում ակտիվանալը շատերի խաղաքարտերը խառնեց, շատերի պլանները խճճեց, ու ստացվում է այնպես, որ շատ կոնկրետ մարդկանց «ջանից է դուրս» գալու այս կուսակցության՝ կոալիցիա մտնելու բուռն ցանկությունը: Խնդրեմ՝ մարդն իր համար հանգիստ աշխատում էր, ոչ ոքի «հավին քշա չէր ասում», առանձնակի սկանդալային պատմություններում էլ նրա անունը, որքան մենք ենք հիշում, չէր շոշափվում. իսկը համակարգի ծնունդ, համակարգին հավատարիմ չինովնիկ՝ զերծ ավելորդ ամբիցիաներից, խնդիրներին ինքնատիպ լուծումներ տալու սին սնափառությունից և այլն: Ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ մարդուն փաստացի «փուռն են տալիս», զոհում են՝ ինչ-որ կոալիցիա կազմելու անհասկանալի նպատակներով: Դե հիմա գնա՛ ու էս կառավարության համար «լավություն» արա… Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ, օրինակ, հավանական նոր նախարարը, որի անունը, հասկանալի պատճառներով, ոչ մեկին դեռևս հայտնի չէ, ավելի լավ է իր պարտականությունները կատարելու, քան այս մեկը: Ոչ ոք էլ չի կարող երաշխավորել, պարզապես քաղաքականության բնույթն է այդպիսին. մե՛կ քեզ շոյում են, մե՛կ գանակոծում, մե՛կ գովերգում, մե՛կ զոհաբերում: Սա՛ է իրականությունը՝ ուզեք, թե չուզեք, մանավանդ հայկական իրականությունը, համաձայն չե՞ք:

Դավիթ Բաբանով